
«Իսլամական պետությունը» և «Թալիբանը» ջիհադ են հայտարարել միմյանց

Khaama Press-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» և աֆղանական «Թալիբան» շարժման զինյալները սրբազան պատերազմ (ջիհադ) են հայտարարել միմյանց: Աֆղանստանի Հելմանդ նահանգի ոստիկանապետ Նաբի Ժան Մուլահխիլը հայտարարել է, որ այդ մասին են վկայել երկրի անվտանգության ուժերի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը:
The Oslo Times պարբերականի տվյալներով՝ ահաբեկչական երկու կազմակերպությունների միջև կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, ինչ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին «Թալիբանի» հիմնադիր, մոլլա Մոհամմադ Օմարին անվանել է հիմար և անգրագետ զորահրամանատար, որն արժանի չէ ո՛չ հոգևոր, ո՛չ քաղաքական վստահության:
Ի պատասխան՝ թալիբների առաջնորդը հայտարարել է, որ շարժման անդամներից որևէ մեկը հանդես չի գա «Իսլամական պետության» դրոշի ներքո, իսկ խմբավորման դրոշները երբևէ չեն հայտնվի աֆղանական տարածքում: Խմբավորման անդամների միջև բախումների մասին դեռ չի հաղորդվել:
Ուշագրավ է, որ ապրիլի 18-ին ահաբեկչություն իրականացվեց Աֆղանստանի արևելքում գտնվող Ջալալաբադ քաղաքում, որի հետևանքով զոհվեց 33 մարդ: Այդ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնեց «Իսլամական պետությունը», մինչդեռ «Թալիբանը» դատապարտեց դա: