Բաժիններ՝

Ահմեթ Դավութօղլուն «ապրիլքսանչորսյան ուղերձ» է հղել

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ուղերձ է հղել՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որում նշել է, որ «թուրք ժողովուրդը հարգում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում զոհված հայերի հիշատակը և իր ցավակցություններն է հղում նրանց թոռներին».

«Դարերով խաղաղ ու եղբայրաբար ապրած Օսմանյան քաղաքացիները, որոնք ունեին էթնիկ ու կրոնական տարբեր արմատներ, Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեծ ցավեր են վերապրել, ինչը խորը հետք է թողել նրանց հիշողության մեջ:

Մենք մեր ցավակցություններն ենք հղում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղահանության ժամանակ զոհված հայերի թոռներին և հարգում ենք զոհված օսմանյան հայերի հիշատակը:

Թուրքիայի համար պատմական ու բարոյական պարտքը կայանում է նրանում, որ պահպանի զոհված հայերի հիշատակն ու նրանց մշակութային ժառանգությունը: Դրա հետ կապված՝ այս տարվա ապրիլի 24-ին Հայոց պատրիարքարանում կազմակերպվելու է կրոնական միջոցառում, և Թուրքիայում էլ հարգանքի տուրք կմատուցվի օսմանյան հայերին, ինչպես որ դա արվում է համայն աշխարհում»:

Դավութօղլուն վերստին հիշեցրել է նախորդ տարվա ապրիլին տվյալ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանի հղած «ցավակցական ուղերձի» և այս տարվա հունվարին՝ Հրանտ Դինքի մահվան հերթական տարելիցի կապակացությամբ իր հղած ուղերձի մասին.

«Երկու հնագույն ժողովուրդների կողմից միմյանց հասկանալը և միասին հասուն ձևով ապագային նայելը համարում ենք հնարավոր: Անթույլատրելի է հարյուրամյա վաղեմության պատմական դեպքերը քաղաքական նպատակներով օգտագործելը: Թե՛ բարոյական, թե՛ իրավական տեսանկյունից անկարելի է այդ աղետի պատասխանատվությունը դնել թուրք ժողովրդի ուսերին:

Հայ ժողովրդի հետ մեր ընդհանուր պատասխանատվությունը նրանումն է, որ բուժենք 100 տարի առաջ վերապրած ցավը, վերականգնենք մեր միջև խախտված կապերը և գնանք դեպի խաղաղ ապագա:

Երրորդ երկրներին կոչ ենք անում նպաստել նրան, որ չգրգռեն պատմական վերքերը: Եվս մեկ անգամ հարգում ենք 1915 թվականի տեղահանության ժամանակ զոհված օսմանյան հայերի հիշատակը և կիսում ենք նրանց երեխաների ու թոռների ցավերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս