Թուրքերը երկու պատճառով են հրաժարվում ընդունել Հայոց ցեղասպանությունը. Շառլ Ազնավուր

1tv.ru-ի փոխանցմամբ՝ ֆրանսահայ շանսոնիե, կոմպոզիտոր, գրող, պոետ և դերասան Շառլ Ազնավուրը պատասխանել է Վլադիմիր Պոզների հարցերին: Ազնավուրը, «Պոզներ» ծրագրի եթերում պատասխանելով իր երկարակեցության գաղտնիքի մասին հարցին, հայտարարել է, որ ապրում է նորմալ կյանքով, լավատես է, չի մտահոգվում որևէ բանի մասին.

«Չգիտեմ՝ հավատում եմ աստծուն, թե ոչ, սակայն կարծում եմ, որ նա, ում անվանում են աստված, կարող է մեզ տալ ամեն անհրաժեշտ բան»: Ազնավուրը խոստովանել է, որ դիետա չի պահում. «Չպետք է ուտել աղ, չպետք է ուտել շաքար, չպետք է ուտել յուղալի բաներ: Սակայն ես ուտում եմ այդ ամենը»:

Երգիչը նաև հայտարարել է, որ չի զբաղվում սպորտով, սակայն մշտապես ձգտում է թիկունքն ուղիղ պահել. «Երբ սկսում ես կռանալ, սկսում ես քստքստացնել ոտքերդ, և բացի այդ, պետք է մշտապես թողնել այնպիսի տպավորություն, որ քեզ մոտ ամեն ինչ կարգին է: Դա շատ կարևոր է, քանի որ դու ոգեշնչում ես ոչ միայն այլոց, այլև՝ ինքդ քեզ»:

Ազնավուրը հայտարարել է, որ «չգիտի», թե որտեղից է իր մոտ այդքան ուժի աղբյուրը. «Ես պարզապես ձախողակ չեմ, կան ձախողակ մարդիկ գրեթե ծննդյան օրվանից, իսկ ես ձախողակի հակապատկերն են»: Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ կասկածամիտ մարդ է, «սակայն դա չի բարդացնում իր կյանքը, դեռ մի բան էլ ընդհակառակը».

«Երբ դու գիտես, որ հնարավոր է ամեն տիպի դժբախտություն, դու հանգիստ ես ու պատրաստ ես աշխատել՝ ձերբազատվելու համար այդ դժբախտությունից: Իսկ նա, ով ի սկզբանե տեղյակ է, որ գոյություն ունեն դժբախտություններ, երբ դրանք թափվում են նրա գլխին, մահանում է ավելի վաղ»:

Շառլ Ազնավուրը պատմել է, որ ապրիլի 24-ին անպայմանորեն ժամանելու է Երևան, որպեսզի մասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի տարելիցին նվիրված միջոցառումներին. «Անկարելի է անտեսել այն, ինչ տեղի է ունեցել: Թուրքերին պետք է հայտնել, որ եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը»:

Երգչի կարծիքով՝ թուրքերը երկու պատճառով են հրաժարվում ընդունել Հայոց ցեղասպանությունը. «Նրանք չեն կարող ընդունել դա որպես փաստ, քանի որ նրանց մոտ գլխավոր բառը պատիվն է, և դա կարելի է հասկանալ: Սակայն կա նաև մեկ այլ բան. մարդիկ մեծապես հարստացել են նրա հաշվին, ինչը պատկանել է հայերին»:

Ընդ որում՝ Ազնավուրն ինքը որևէ ատելություն չի տածում թուրքերի նկատմամբ, և դա նրան սովորեցրել է մայրը, ով ցեղասպանության ժամանակ կորցրել է ողջ ընտանիքը. «Մայրս չէր ատում թուրքերին, նա մշտապես ասում էր, որ թուրքերի շրջանում էլ կան լավ մարդիկ»:

Երգիչը բարձր է գնահատել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը եղել է 20-րդ դարում մարդկության դեմ կատարված ամենասարսափելի հանցանքներից մեկը.

«Հռոմի պապը պատկանում է այն հազվադեպ մարդկանց թվին, որոնք ասում են ճշմարտությունը և պահպանում են ճշմարտությունը՝ չնայած ամեն ինչի, չվախենալով որևէ բանից, առանց վախի ու հանդիմանության»:

Տեսանյութեր

Լրահոս