Պուտինը գալիս է, որ ի՞նչ անի

Երեկ Կրեմլը վերջապես պաշտոնապես հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին ժամանելու է Երևան և մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Այս տեղեկատվությունը շաբաթներ շարունակ մեկ հերքվում, մեկ հաստատվում էր Ռուսաստանի իշխանական լրատվամիջոցների, Կրեմլին մոտ կանգնած աղբյուրների կողմից: Անգամ Գալիպոլիում Նարիշկինի կողմից գլխավորած ռուսական պատվիրակության այցի մասին տեղեկատվությունը պաշտոնապես տարածվեց շատ ավելի վաղ:

Ակնհայտ էր, որ այս ընթացքում Մոսկվայում ամեն ինչ անում էին Պուտինի այցով թուրքական կողմին հնարավորինս քիչ «նեղացնելու» համար ու, թերևս, նաև բանակցում էին այդ հարցի շուրջ: Եվ ահա երեկ, Պուտինի այցի մասին պաշտոնական հաղորդագրության տարածումից կարճ ժամանակ անց, նրա մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը շտապեց հաղորդագրություն տարածել այն մասին, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան չի կարող բացասաբար ազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

Իսկ դրանից առաջ էլ հայտնի դարձավ, որ, օրինակ, Սոչիում արգելել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պաստառներ փակցնել:

Այսինքն՝ մինչ Հայաստանի իշխանությունն ու ոչ իշխանությունը շունչները պահած սպասում էին Պուտինի այցին, ռուսական կողմն ամեն ինչ արեց, որ Հայաստան այցելելով հանդերձ՝ այդ այցը ստանա հնարավորինս հակահայկական նշանակություն: Մնում է հուսալ, որ Պուտինը նաև Երևանում պաշտոնապես ներողություն չի խնդրի Թուրքիայից՝ Հայաստան այցելելու համար:

Տեսանյութեր

Լրահոս