Ապրիլի 24-ի կապակցությամբ Վրաստանից Երևան կարող է ժամանել վարչապետը. մամուլ
Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ չնայած Վրաստանը չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը՝ պլանավորված է, որ վրացական պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 22-24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Դեռ հայտնի չէ, թե ով է գլխավորելու վրացական պատվիրակությունը: Հստակ է մի բան, որ Հայաստան չեն մեկնելու ո՛չ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ո՛չ էլ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: Միևնույն ժամանակ` անորոշություն է տիրում երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հարցում:
Վրաստանի համար այդ այցն ունի կրկնակի նրբանկատություն: Նախևառաջ՝ բարձր մակարդակի պատվիրակության մասնակցությունը կարող է վիրավորել երկրի ռազմավարական գործընկերներին՝ Թուրքիային ու Ադրբեջանին:
Բացի այդ, ևս մեկ կարևոր դետալ է, որ ապրիլի 24-ի կապակցությամբ Երևանում է գտնվելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և, ըստ ամենայնի՝ նա հարկադրված կլինի հանդիպել վրացական պատվիրակության ղեկավարներին: Մյուս կողմից էլ՝ եթե վարչապետը չգնա Երևա, ապա Հայաստանում կարող են քննադատաբար նայել դրան: