«Ես չէի ուզենա հոռետես լինել»
«ԵՏՄ-ի անդամակցությունից բխում են մեր պարտավորությունները, մենք ունենք հստակ պատկեր, թե դրանք որոնք են, որ ուղղություններն են ներառում: Մեր խնդիրն էր մտքերի փոխանակման գործընթացի միջոցով քննարկել դրանց համատեղելիությունը ստանձնած պարտավորությունների հետ: Այս փուլում իրականացվեց և ունենք հստակ պատկեր մեր ապագա հարաբերությունների շրջանակի վերաբերյալ և մանդատը ստանալուց հետո անմիջապես ձեռնամուխ կլինենք այդ ուղղությամբ բանակցություններ վարել ԵՄ-ի հետ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
Ըստ նրա՝ ՀՀ-ԵՄ ապագա իրավական հիմքում ընկած չեն միայն արժեքների մասին ձևակերպումներ, այլև կան բաժիններ քաղաքական երկխոսության, արդարադատության, ոլորտային համագործակցության հետ, ինչպես նաև բաժիններ կլինեն առևտրատնտեսական բաղադրիչի վերաբերյալ:
168.am-ի հարցին՝ համաձայնագիրը տարբերակված կլինի՞, թե՞ նորից փաթեթով է լինելու և գուցե նորից արժանանա նախորդի՝ Ասոցացման համաձայնագրի ճակատագրին, Կ.Նազարյանը պատասխանեց, որ այն լինելու է մեկ փաստաթղթով.
«Ես չէի ուզենա հոռետես լինել: Նախորդի վերաբերյալ կա հստակ ձևակերպում վիլնյուսյան գագաթնաժողովում ստորագրված համատեղ հռչակագրում, որ կողմերը արձանագրում են, որ ՀՀ-ն ավարտել է բանակցությունները Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ»:
Մեր դիտարկմանը, որ ՀՀ-ում ԵՄ դեսպանը Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը չստորագրելը հիմնավորում է, որ այն մեկ փաթեթով էր, և արդյոք ճիշտ չի՞ լինի, որ նոր փաստաթուղթն առանձնացվի և փաթեթով չլինի, փոխնախարարը պատասխանեց. «Մենք այս մտքերի փոխանակման փուլում նման պայմանավորվածություն չենք ունեցել ԵՄ գործընկերների հետ: Խոսքը չի գնում խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին, խոսքը գնում է առևտրատնտեսական բաղադրիչի մասին, որը, հուսանք, տեղ կգտնի ապագա փաստաթղթում»:
Մեր հարցին, թե մտավախություն չկա՞, որ նոր փաստաթուղթը կարժանանա նախորդի ճակատագրին և չի ստորագրվի, Կ.Նազարյանը հայտարարեց, թե նման մտավախություն չունեն. «Մտքերի փոխանակման գործընթացը շատ անկաշկանդ էր և թափանցիկ, առիթ ենք ունեցել անդրադառնալու բոլոր խնդիրներին և մեր հիմնական հարցը եղել է ի հայտ բերել համատեղելիության ասպեկտները»: