Բաժիններ՝

INVEST ARMENIA-ին կմասնակցեն սփյուռքահայ գործարարներ՝ 22 երկրներից

Այս տարի մայիսի 8-ին Երևանում տեղի կունենա INVEST ARMENIA 2015 բիզնես-ֆորումը, որը կազմակերպում է BPA ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ էկոնոմիկայի, սփյուռքի նախարարությունների աջակցությամբ, գլխավոր գործընկերն է Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միությունը: 168.am-ի հետ զրույցում BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը նշեց, որ INVEST ARMENIA-ն դառնալու է ամենամյա ծրագիր, և, բացի բիզնես-ֆորումից, սեպտեմբերի 25-27-ին կկազմակերպվի նաև բիզնես էքսպո:

Ըստ նրա՝ բիզնես-ֆորումին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել 22 երկրից սփյուռքահայ գործարարներ, նաև հրավիրվել են տարբեր երկրներից այլազգի գործարարներ. «BPA ընկերության նախաձեռնությամբ հանդիպումներ են կայանում ՀՀ տարբեր դասպանատների հետ, և դեսպաններն իրենց կողմից պատրաստակամություն են հայտնում գործարարներ բերել ՀՀ»: Վ. Փենեսյանի խոսքով՝ ֆորումին ներկա կլինեն նաև Հայաստանի խոշոր գործարարները, պետական և մասնավոր հատվածների կողմից կներկայացվեն տարբեր ոլորտներ՝ գյուղատնտեսություն, տուրիզմ, հանքարդյունաբերություն, զբոսաշրջություն, բարձր տեխնոլոգիաներ, ոսկերչություն և ադամանդագործություն: Նա նշեց, որ խնդիրները կբարձրացվեն և հնարավորության դեպքում լուծումներ կգտնվեն:

«Այսօր շատ արդիական է ներկայացնել երկրի ներդրումային պոտենցիալը և հնարավորությունները: Մենք բիզնես-ֆորումին կից կազմակերպելու ենք հայկական արտադրանքի ցուցադրություն, 30-ից ավելի լավագույն ընկերություններ կներկայացվեն, որպեսզի գործարարը, որ լսում է տարբեր ոլորտների մասին, շոշափելի պատկերացում ունենա, թե ինչ որակյալ արտադրանք ունենք»,- ասաց Վ. Փենեսյանը՝ հավելելով, որ նաև կլինեն դեմ առ դեմ հանդիպումներ, գործարարները կայցելեն գործարաններ և տեղում կծանոթանան արտադրական պրոցեսին, որպեսզի իրենց աչքով տեսնեն, որ 21-րդ դարին համապատասխան տեխնիկական հագեցվածություն կա:

Վ. Փենեսյանի խոսքով՝ բիզնես-էքսպոյի յուրահատկությունն այն է, որ ներկա են գտնվելու ոչ միայն այն ընկերությունները, որ տնտեսական լուրջ հաջողությունների են հասել, այլ նաև ընկերություններ, որ այս կամ այն հանգամանքից ելնելով՝ պատրաստ են իրենց բիզնեսը վաճառել. «Այսօր գիտենք, որ շատ կան թե´ արտադրական, թե´ ծառայությունների ոլորտի ընկերություններ, որոնց սեփականատերերը պատրաստ են մասամբ կամ ամբողջությամբ վաճառել: Մենք իրենց համար հարթակ ենք ստեղծում, որ գան ներկայացնեն իրենց բիզնեսը, և շատ յուրահատուկ լավագույն հնարավորությունն է օտարերկրյա ներդրողների համար, որ գան ու ծանոթանան ներդրումային դաշտին: Եթե վաճառում են բիզնեսը, չի նշանակում, որ վատ է իրավիճակը, այլ այդ պրակտիկան կա ամբողջ աշխարհում, և զարգացած երկրներում կան ընկերություններ, որ զբաղվում են պատրաստի բիզնեսի առքուվաճառքով»:

Վ. Փենեսյանը նշեց, որ արտերկրյա գործարարները ներկայացված կլինեն իրենց տաղավարներով, նաև հրավիրվել են օտարերկրյա առևտրային ցանցերի ներկայացուցիչները, որ հայ գործարարները հնարավորություն ունենան տեղում ներկայացնելու իրենց արտադրանքը՝ այնտեղ վաճառելու հեռանկարով. «Որպես օտարերկրյա ներդրումների ինդիկատոր, էքսպոյին հրավիրելու ենք ՀՀ-ում գործող բոլոր ԱԱՊ-ների ներկայացուցիչներին, որ ներկայացնեն իրենց անդամների ցանկը, քանի որ կարևոր է, որ օտարերկրյա ներդրողը տեսնի, որ հաջողված օրինակներ կան, և տեսնի, որ իր շահերը պաշտպանելու համար կան կառույցներ: Հրավիրելու ենք նաև աուդիտորական և իրավաբանական ընկերություններ՝ գնագոյացման և իրավական հարցերին պատասխանելու համար: Ֆորումի կարևոր զեկուցողներից են «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրենը, որ երկար տարիների փորձ ունի ՀՀ-ում և հաջողությամբ գործունեությունը շարունակում է: Զեկույց կներկայացնի նաև ՎԶԵԲ-ի ղեկավարը: Ֆորումի նպատակն է՝ ԵՏՄ մուտք գործելուց հետո ՀՀ-ի առջև բացվող հեռանկարները և արտոնությունները ներկայացնելը, և հրավիրել ենք նաև ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Ռոբերտ Հարությունյանին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս