
Թուրք և ադրբեջանցի դիվանագետներին ու երաժիշտներին չհաջողվեց կանխել փառատոնի կազմակերպիչների որոշումը

Ապրիլի 1-6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվեց Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի և Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը: Չնայած ադրբեջանական և թուրքական դիվանագիտական կառույցների ընդվզմանն ու բողոքներին, այն նվիրվել էր Հայաստանին և Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թուրք և ադրբեջանցի դիվանագետներին ու երաժիշտներին չհաջողվեց կանխել փառատոնի կազմակերպիչների որոշումը՝ նվիրել այն Հայաստանին՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Բեմում հավաքված 500-ից ավել հույն մանուկներ միասին երգեցին Էդգար Հովհաննիսյանի Էրեբունի-Երևան ու Ստեփան Շաքարյանի «Մուշ» ստեղծագործությունները:
Հայաստանը փառատոնում ներկայացրեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգչախմբի մասնակցությունը փառատոնին նախաձեռնվել և համակազմակերպվել էր «Համազգային» hայ կրթական և մշակութային միության Սալոնիկի մասնաճյուղի և Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: