Ցմահ դատապարտյալը նույնականացման քարտ ստացավ և թոշակավորվեց

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր նույնականացման քարտ է հանձնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին: Նախարարը նշել է, որ խնդրի մասին տեղեկացել է «Հետք»-ի խմբագրի բաց նամակից: Նամակը խնդրանք էր նախարարին լուծելու Սողոմոն Քոչարյանի անձնագիր ունենալու, զինվորական թոշակ ստանալու և բժշկական հետազոտություն իրականացնելու հարցերը:

Հարկ է ընդգծել, որ խնդիրն անմիջապես հայտնվել է Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում և տրվել են համապատասխան հանձնարարականներ ինչպես փաստաթղթավորման, այնպես էլ թոշակավորման հարցն արագ լուծելու համար:

Տեղեկացնենք, որ լուծվել է դատապարտյալի զինվորական թոշակ ստանալու հարցը, նրան պարբերաբար այցելում է բժիշկը:

Հանձնելով նույնականացման քարտը՝ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Սողոմոն Քոչարյանին հորդորել է չհուսահատվել և ցանկացած իրավիճակում փորձել օրինակելի վարք դրսևորել պատիժը կրելիս: Նախարարը ցմահ դատապարտյալին է նվիրել Վազգեն Սարգսյանի գրքերից մեկը. «Քանի որ կռված տղա ես, կարծում եմ Սպարապետի այս գիրքը սիրով կկարդաս»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս