ԱՄՆ-ի ու Կուբայի առաջնորդներն իրար ձեռք են սեղմել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն հանդիպել են Պանամայում անցկացված Ամերիկայի գագաթաժողովի շրջանակներում:
Նրանք սեղմել են միմյանց ձեռքն ու փոխանակել մի քանի արտահայտություններ: Ամերիկյան վարչակազմը ներկայացնող պաշտոնյան հայտնել է, որ դա եղել է ոչ պաշտոնական շփում և որ երկու երկրների առաջնորդների միջև չի եղել առարկայական զրույց:
Ակնկալվում է, որ Օբաման ու Կաստրոն վերստին կհանդիպեն այսօր` քննարկելու համար դիվանագիտական հարաբերությունները ողջ ծավալով վերականգնելու, ինչպես նաև առևտրի խթանման ու երկու երկրների միջև այցեր կատարելու հարցերը:
Ապրիլի 8-ին Օբաման ու Կաստրոն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ու դեսպանատների բացման հարցերը:
Ապրիլի 9-ին էլ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Պանամայում բանակցել է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի հետ, ինչն աննախադեպ իրադարձություն էր` սկսած 1958 թվականից: