«Շարմազանովը բացարձակ անմեղ է, հարթ տախտակ է». Լևոն Զուրաբյան
Այսօր ԱԺ ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ երեկ ԱԺ նիստում ՀՀԿ անունից Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Էդուարդ Շարազանովը երեկ ԱԺ-ում ասել էր. «Եթե դեմ ես Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, տղամարդու նման կանգնիր, ասա՝ դեմ եմ, ու էլ մի ասի, որ հաշտեցման գործընթացը եղավ ուրացում: Եթե կողմ ես Ղարաբաղը հանձնելուն, ասա՝ կողմ եմ, ու ասա՝ դա ասում եմ նրա համար, որ Թուրքիային էլ մտցնեմ էդ խաղի մեջ: Ես կարծում եմ, որ հայոց խորհրդարանում նույնիսկ նման բան մտածելը հանցագործություն է»:
Ի պատասխան, Լ. Զուրաբյանն ասաց. «Իսկապես եթե մտածում ես, կարող ես գալ այն եզրակացությունների, որ ասացի իմ ելույթում: Շարմազանովն անմեղ է, ինքը երբեք նման հանցագործություն չի գործել: Բացարձակ անմեղ է, հարթ տախտակ է: Չեմ վիրավորում, դա տաբուլա ռազա արտահայտութունն է, որ նշանակում է հարթ տախտակ: Ինքը այդ հանցագործությունը չի գործել՝ չի մտածել, երեխայի նման մաքուր է»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ պարզաբանելով, որ իր խոսքը ոչ թե Ցեղասպանությունը չճանաչելու մասին է, այլ պետական քաղաքականության մասին, որ ճանաչումը պետական գործ չպետք է լինի:
«Իսկ ճանաչման հարցում Քիմ Քարդաշյանն ավելի շատ մեծ ներդրում ունի քան Շարմազանովը: Այդ հարցում Քիմ Քարդաշյանն արժի միլիարդ Շարմազանով»,- ասաց Զուրաբյանը: