
Հայաստանում տեղի կունենա ներդրումային համաժողով

Հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա ներդրումային համաժողով: Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նա նշեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեծ ջանասիրությամբ զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով. «Կա նաև նախաձեռնություն, մասնավորապես՝ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից, կազմակերպելու ինվեստիցիոն ֆորում ՀՀ-ում, որին կառավարությունը ևս աջակցում է, Միջազգային կուլտուրական ակադեմիայի միջոցով: Դա վերաբերում է ոչ միայն ԵՏՄ-ից, այլև ընդհանրապես ամբողջ աշխարհից ՀՀ-ում ներդրումային համաժողով հրավիրելուն»:
Նախարարը կարևորեց ԵՏՄ շուկայի ազատականացման քայլերը: Ըստ նրա՝ գազի և նավթի շուկայի միասնականացման խնդիրը դրված է ոչ մոտակա երկու-երեք տարիների օրակարգում. «Ինտեգրման օրակարգը պետք է լինի շատ ավելի ծավալված, որ դրան հասնենք»: