
ԵՄ-ը պետք է վճռական դիրքորոշում ցուցաբերի ԼՂ-ի խնդրի նկատմամբ. Մամեդյարով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնին:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը բարձր են գնահատել ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների մակարդակը:
Մամեդյարովը հայտարարարել է, որ ԵՄ-ի անդամ շատ երկրների ու Ադրբեջանի միջև առկա է ռազմավարական գործընկերություն և անհրաժեշտ է համարել, որ ԵՄ-ի հետ նույնպես հաստատվի ռազմավարական գործընկերություն:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է էներգետիկ ոլորտում ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև TANAP և TAP գազատարների նախագծերը:
Հանդիպման ժամանակ Մամեդյարովը Հահնին իրազեկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ընթացքի մասին և հայտարարել է, որ ԵՄ-ն ու եվրոպական մյուս ինստիտուտները պետք է վճռական դիրքորոշում ցուցաբերեն խնդրի նկատմամբ: