Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ իրականացնում է «փափուկ ուժի» քաղաքականություն. Ջանելիձե
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն հայտարարել է, որ Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ իրականացնում է «փափուկ ուժի» ակտիվ քաղաքականություն, որպեսզի նրան հարկադրի հետ կանգնել արևմտամետ կուրսից:
Նրա խոսքերով` որոշակի մտավախություններ ու դժգոհություններ են առաջացնում Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի դե-ֆակտո իշխանությունների հետ Ռուսաստանի գործողությունները.
«Օկուպացված տարածքներում մշտապես խախտվում են էթնիկ վրացիների իրավունքները, խամաճիկ ռեժիմի ներկայացուցիչները հավակնություններ են ներկայացնում հավելյալ տարածքների նկատմամբ»:
Ջանելիձեն հայտարարել է, որ Վրաստան-ՆԱՏՕ էական փաթեթի գործարկումը նպաստելու է երկրի պաշտպանական պոտենցիալի մեծացմանը:
Նա ընդգծել է, որ այդ փաթեթի գործարկմամբ Վրաստանն էլ ավելի կմոտենա ՆԱՏՕ-ին, ինչն էլ կնպաստի երկրի զինված ուժերի հետագա զարգացմանն ու երկրի պաշտպանական պոտենցիալի ուժեղացմանը: