«Ժիրայրին ձերբակալում են Պուտինի՝ Հայաստան ժամանելուն ընդառաջ». Խզմալյան
«Մարդկանց ձերբակալում են՝ ոտնահարելով Սահմանադրությունը, որովհետև բողոքի ցույցը, խոսքի ազատությունը Սահմանադրության հիմնական դրույթներն են: Որևէ կեղծ բացատրություն, իբրև թե սրանք զանգվածային անկարգությունների ուղղված գործողություններ են, ծիծաղելի է, որովհետև օրեր առաջ իշխանությունն առաջարկել էր հատուկ վայր՝ Էրեբունի թանգարանի մոտ, և դա փաստորեն նշանակում է, որ գործարք կնքվեց քաղաքացիական հասարակության և իշխանության հետ,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նախախորհրդարանի նախկին անդամ Տիգրան Խզմալյանը՝ խոսելով Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունից,- Այդ այդ գործարքը (լավ իմաստով` գործարք) ոտնահարվեց հենց իշխանության կողմից: Դա թալաք է, դա թակարդ է: Հասկանալի է, որ իրենք կատարում են իրենց մոսկովյան տերերի պատվերը, և ինչպես Շանթին ձերբակալել էին Պուտինի նախորդ գալուց առաջ, հիմա էլ Ժիրայրին և ընկերներին, ինչպես Շանթին և ընկերներին, ձերբակալում են Պուտինի առաջիկա գալուն ընդառաջ: Հասկանալի է, որ մենք այստեղ գործ ունենք ոչ թե այս խարխլված պատերի, այլ կրեմլյան պատերի հետ, և որքան շուտ հասկանա դա մեր ժողովուրդը և հատկապես նրա պայքարող զանվածը, այդքան լավ: Պետք է հասկանանք՝ ում հետ մենք գործ ունենք, որպեսզի ճիշտ կազմակերպենք մեր պայքարը»:
Դիտարկմանը, որ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ խոսվում էր նաև բարոյականության մասին, Տիգրան Խզմալյանն այսպես արձագանքեց. «Դա բավական հետաքրքիր է, երբ իրավաբանական փաստաթղթում բարոյականության մասին են խոսում, և հատկապես եթե նայենք՝ ով է խոսում բարոյականությունից: Մենք ապրում ենք մի երկրում, որի վարչապետն, ըստ իր պաշտոնական կենսագրության, պատերազմի ժամանակ կոնյակ էր քաշում Բուրաստան գյուղում (դա գրված է իր մոտ), որտեղ պատգամավորները բիզնեսով են զբաղված, իսկ ազատամարտիկներն, ինչպիսին են Ժիրայրը, Պավլիկը, Շանթը, գտնվում են ճաղերի հետևում: Ահա բարոյականության խրատների նրանց իրական գինը: Բարոյականության մասին խոսում են կանայք, որոնք օրեր առաջ հռհռալով, ծիծաղելով սելֆիներ էին անում Ծիծեռնակաբերդում: Նրանց բարոյական խրատների կարիքը մեր ազգը չունի»: