Բաժիններ՝

«Դասական քաղբանտարկյալ սարքելու համար ռեժիմն ունի մի քանի դասական հոդվածներ»

Այսօր ձերբակալվածների պահման վայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ, փաստաբան Հայկ Գրիգորյանը, ով նաև իրականացնում է Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սէֆիլյանի, Գարեգին Չուքասզյանի պաշտպանությունը, «ռեժիմին» կոչ արեց այլևս չշարունարկել, իր բնորոշմամբ՝ անհիմն քրեական գործի հետագա ընթացքը: Ըստ նրա՝ դա ավելի է զայրացնելու հասարակությանը:

Նրա խոսքով՝ քաղբանտարկյալ եզրույթը դասական սահմանում ունի, երբ իշխանությունները Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածը կամ իրավական տեխնիկան կիրառում են, որպեսզի պատժեն իրենց պաշտոնական դիրքորոշմանը դեմ արտահայտվող անձանց:

«Մեր շարժման նկատմամբ, ինչպես նկատել եք, սկզբից կիրառվեցին քրեական տարրերը, այսինքն՝ ռեժիմը սկզբից փորձում էր հեռու պահել իրավական համակարգը և պետական մարմիններին ճնշելու պրոցեսից: Դա սկսվեց հրկիզումներից, հարձակումներից, Բերձորով, մինչև դանակահարություն: Սակայն երբ ռեժիմը տեսավ, որ այդ մեթոդներով շարժումը չի կասեցնելու իր ընթացքը, նա արդեն գործի դրեց իրավական դասական մեթոդները, որոնք բնորոշ են տոտոլիտար ռեժիմներին»,- ասաց  փաստաբան Հայկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ կիրառված հոդվածներն անհեթեթ են. «Դասական քաղբանտարկյալ սարքելու համար ռեժիմն ունի մի քանի դասական հոդվածներ՝ զենք զինամթերք կրել, զանվածային անկարգություններ և այլն: Այս դեպքում ընտրվել է բավականին խիստ հոդված, որը նախատեսում է ազատազրկում 4-10 տարի ժամկետով, և այդ գործի հիմքում չկան որևէ փաստական կամ իրավական հիմքեր: Խուզարկությունները ռեժիմի կողմից կատարվել են այն նպատակով, որ թերևս միտք ունեին հայտնաբերել որոշակի առարկաներ: Բայց խուզարկությունների արդյունքում չի հայտնաբերվել որևէ փաստ կամ իրավական հիմք, որով ռեժիմը կարող է հիմնավորել իր առաջ քաշած քրեական գործի հետագա ընթացքը»:

«Սա նաև կոչ է՝ ուղղված միջազգային հանրությանը, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, Հայաստանի իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի նրանք ևս աչալուրջ լինեն այս գործով, քանի որ Վոլոդյա Ավետիսյանի, Շանթի և նրա ընկերների, Հայկ Կյուրեղյանի և մնացած քաղբանտարկյալների մասով նրանք աչքակապություն արեցին, և դա բերեց նրան, որ ռեժիմն իրեն զգում է արդեն լրիվ տոտալիտար կարգավիճակում: Այսպես շարունակել հնարավոր չէ»,- եզրափակեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս