«Եթե իրենց ուժը պատում է, թող հենց հիմա գնան և ձերբակալեն Վալերի Պերմյակովին, այլ ոչ թե ՀՀ օրինապաշտ, նվիրյալ քաղաքացիներին». Զարուհի Փոստանջյան
«Ռեժիմն ինքը վախեր ունի, և պարզ է, որ երբ մարդ վախենում է, ապա դիմում է ծայրահեղ քայլերի, և սա այդ ծայրահեղ քայլերից մեկն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ երեկ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյան, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուքասզյանը, Արամ Հակոբյանը, խուզարկություններ էին կատարվել տարբեր անձանց բնակարաններում, այդ թվում Հիմնադիր խորհրդարանի կենտրոնական շենքում:
Զարուհի Փոստանջյանը հորդորեց հենց այս պահին ազատ արձակել ձերբակալվածներին՝ նշելով, որ ինքն իրավական հիմքեր չի տեսել. «Որևիցե իրավական հիմք գոյություն չունի: Սա ապօրինի ձերբակալություն է, ապօրինի քրեական հետապնդում է: Հիմքը քաղաքական այլ հայացքներ կրելն է»:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում էր, որ բացի այն, որ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նախատեսված հրապարակային միջոցառումներն իրենց նեղ շահերին ծառայեցնելու մտադրությունը, մեղմ ասած, հեռու է բարոյականության սահմաններից, այդպիսի գործողությունները միաժամանակ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու առերևույթ հանցագործության նախապատրաստության հատկանիշներ:
Հարցին՝ արդյոք այս կառույցն իրավունք ունի՞ բարոյականության սահմանների վերաբերյալ գնահատական տալ, Զարուհի Փոստանջյանը պատախանեց. «Միանշանակ, իհարկե, ես կարող եմ ասել, որ նույն Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը., նույն Քննչական կոմիտեի ղեկավարը, եթե խոսում են բարոյականությունից, ապա պետք է իրենք իրենց նայեն՝ իրենց վարքագծին, և երբ հունվարի 12-ին այդ անբարո գործողության, անբարո չասեմ, ոճրագործության հետևանքով սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի անդամները, պետք է հետամուտ լինեին: Երբ անձը՝ իբրև թե Պերմյակովը, զինված փախել էր 102-րդ ռազմաբազայից, ո՞ւր էին իրենք: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, նույն Քննչական կոմիտեի աշխատակիցները որտեղ էին, որ թույլ տվեցին, որ տեղի ունենա այդպիսի ոճրագործություն: Բացի այդ՝ թույլ տվեցին, որ նրան ձերբակալեր ՌԴ սահմանապահ զորքերը: Ո՞ւր էին այդ ժամանակ: Եվ եթե նրանք իրապես բարոյականությունից են խոսում, եթե բորայական տիրույթում ենք գնահատական տալիս, ապա այս պահին Հայաստանի Հանրապետության բազմաթիվ օրենքներ, Սահմանադրություն և միջազգային նորմեր են խախտվել, եթե իրենց ուժը պատում է (այսպես ասենք), ուժը ներում է, թող հենց հիմա գնան և ձերբակալեն Վալերի Պերմյակովին, այլ ոչ թե ձերբակալեն ՀՀ օրինապաշտ, նվիրյալ քաղաքացիներին»:
Հարցին, թե Ժիրայր Սէֆիլյանն ու նրա կողմնակիցներն ի՞նչ գնահատական էին տալիս իրենց ձերբակալությանը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մեկնաբանությունը հետևյալն է՝ ռեժիմն ուղղակի ապօրինի հետապնդում է իրենց»: