«Որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ մեր տներում տեղադրված գազի հաշվիչները ճիշտ են հաշվում». Նիկոլ Փաշինյան
«Այդ զեկույցում հայ սպառողների համար լավ լուր չկա, իսկ վատ լուր՝ ինչքան ուզեք: Ամենավատ լուրն այն է, որ Հայաստանի սպառողները տարեկան 20 մլն դոլար վճարում են կորած գազի համար: Սա բացատրվում է տեխնոլոգիական, առևտրային, անխուսափելի կորուստներով, բայց եթե լինեինք Ուկրաինայի սպառող, այդ կորուստների համար կվճարեինք 9 մլն դոլարով ավելի պակաս»,- այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ կորուստները կրճատելու համար ոչ մի ներդրում չի արվում, այսինքն՝ այդ կորուստներն ինչ-որ մարդկանց ձեռնտու են և այդ 9 մլն հավելյալ դոլարն ինչ-որ մեկի կոնկրետ գրպանն է գնում: Ն.Փաշինյանը նշեց, որ հանձնաժողովը պետք է պատասխան տար գազի կալորիականության խնդրի հետ կապված, բայց ոչ մեկը չի կարող ասել, թե հիմա քաղաքացիների տուն մտնող գազն ինչ կալորիականություն ունի, քանի որ չկա նման հաշվարկ:
«Գազամատակարարման համակարգում խայտառակ իրավիճակ է սպառողների շահերի պաշտպանության տեսակետից: Հայաստանում որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ մեր տներում տեղադրված գազի հաշվիչները ճիշտ են հաշվում: Ո’չ, չի կարող: Դեֆակտո ստացվում է, որ հաշվիչների ստուգաչափումն իրականացնում է այն մարմինը, որը վաճառում է: Չափագիտության ազգային ինստիտուտը, որը իբր թե պետք է վերահսկի, ըստ էության, կոմերցիոն հարաբերությունների մեջ է «Գազպրոմ Արմենիայի» հետ, տարեկան 170 մլն գուցե ավելի փող է ստանում, այսինքն՝ կոմերցիոն գործընկեր են ու ընդհանուր շահեր ունեն»,- ասաց Ն.Փաշինյանը՝ գազահամակարգում տեղի ունեցողն անվանելով թալան: