Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել են վարկային համաձայնագրեր
Ապրիլի 8-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնoրեն Լորա Բեյլին ստորագրել են վարկային համաձայնագրեր:
«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» շրջանակում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 52 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Ծրագիրն իրականացվելու է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից, որն ուղղված է «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ» ենթակայանների հիմնանորոգմանը՝ ի նպաստ էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդմանը: Նախապատրաստվելու է նաև նոր համակցված ցիկլով շոգեգազային տուրբինի կառուցման ծրագիրը: ՎԶՄԲ-ի կողմից վարկային միջոցները տրամադրվելու են արտոնյալ պայմաններով. վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որից 14.5 տարին՝ արտոնյալ:
Իսկ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում ՎԶՄԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլար վարկ: Ծրագիրը, որի նպատակն է բարելավել համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքի որակն և հասանելիությունը, բաղկացած է 3 մասից: Այն ուղղված է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ու կարողությունների ստեղծմանն օժանդակելուն, ինչպես օրինակ՝ կրթական, առողջապահական և սոցիալական ծառայություններ ապահովող հիմնական սոցիալական ենթակառուցվածքների կառուցում, վերանորոգում, հիմնանորոգում, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեղադրում և այլն: Ծրագրով նախատեսվում է նաև օժանդակություն ցուցաբերել միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացման նախաձեռնություններին՝ աջակցելով ՀՀ տարածքային բարեփոխումներին՝ զարգացման նորարարական նախաձեռնությունների (ենթածրագրերի) իրականացման միջոցով, որոնցում ներգրավված են երկու կամ ավելի համայնքներ: Ծրագիրը կնպաստի նաև ինստիտուցիոնալ հզորացմանը և տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին: Վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որից 14.5 տարին` արտոնյալ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին