Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորական թեկնածուների ցուցակում ընդգրկվել են նաև հայեր
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP) հրապարակել է իր պատգամավորական թեկնածուների ցուցակը` կապված հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ:
HDP-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի թեկնածությունն առաջադրվել է Ստամբուլի 1-ին շրջանից, իսկ մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը` Վանից: Նշվում է, որ HDP-ի ցուցակում տեղ են գտել նաև ալավիական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացի այդ, դրանում տեղ են գտել հայկական արմատներով թեկնածուներ: Խոսքը գնում է Գարո Պալյանի (Ստամբուլ 3 շրջան 2), Մուրաթ Մըհչի (Ստամբուլ 1, շրջան 11), Ֆլոր Ուլուք Դուրսուն (Ստամբուլ 2, շրջան 10):
Ընդհանուր առմամբ` Թուրքիայի Բրարձրագույն ընտրական հանձնաժողովին HDP-ի ներկայացրած ցուցարկում տեղ է գտել 543 անուն, ինչը շուտով կհասցվի 550-ի (Թուրքիայի խորհրդարանը բաղկացած է 550 պատգամավորից), որոնց մոտ կեսը կանայք են:
Պատգամավորների թեկնածուների թվում տեղ են գտել HDP-ի ներկայիս 29 պատգամավորներից 14-ը, որոնց վերստին կպայքարեն պատգամավորության համար: Մնացյալ 15-ի համար տեղ չի գտնվել այդ ցուցակում: