
Աննա Դուրիցկայան մասնակից է Բորիս Նեմցովի սպանությանը. աղբյուր

Комсомольская правда թերթի փոխանցմամբ` Բորիս Նեմցովին ուղեկցած ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան սպանության պահին ունեցել է երկու բջջային հեռախոս, որոնցից մեկը նա դեն է նետել: Այս մասին թերթին հայտնել է հետաքննությանը մոտ կանգնած նրա աղբյուրը.
«Դուրիցկայան սպանությունից անմիջապես անց մոտեցել է կամուրջի մոտ արգելակած ձնամաքրման մեքենային և նրա վարորդին խնդրել է իր բջջային հեռախոսից զանգահարել շտապօգնություն` ընդգծելով, որ անձամբ չի կարող անել դա, քանի որ գտնվում է շոկային վիճակում:
Վարորդը կանչել է բժիշկներին և հեռացել` պահպանելով աշխատանքային ցուցումը (նա իրավունք չունի կանգ առնել մեկ վայրում): Ավելի ուշ` տեղի տեսախցիկների ձայնագրություններն ուսումնասիրելիս, պարզվել է, որ Դուրիցկայան մոտեցել է կամրջի մոտ գտնվող աղբամանին և այնտեղ է նետել ինչ-որ առարկա:
Աղբամանը ստուգել են և այնտեղ հայտնաբերել են բջջային հեռախոս, որը, ինչպես հաստատվել է, պատկանել է Դուրիցկայային: Հայտնաբերված հեռախոսը հետազոտվել է, դրանում հայտնաբերվել է չիպ (փարոս), որն ազդանշաններ է հաղորդել:
Հետաքննության տվյալներով` սպանության կազմակերպիչներն այդ բջջայինի օգնությամբ հետևել են Դուրիցկայա-Նեմցով զույգին: Դուրիցկայան իրավապահներին է հանձնել այն հեռախոսը, որից ձնամաքրման մեքենայի վարորդը զանգահարել է շտապօգնություն»:
Աղբյուրն ընդգծել է, որ Դուրիցկայան հավանաբար իմացել է, որ իրեն օգտագործում են Նեմցովին հետևելու համար, սակայն չի ըմբռնել վերջնական նպատակը: