Իշխանությունները վախեցա՞ն «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումից
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը համաձայն չէ, որ ապրիլի 24-ին, երբ Հայաստանն աշխարհի առջև հանդես է գալիս «մեր ցավով, մեր դարդով և մեր պահանջներով», ինչ-որ անկարգություններ լինեն երկրի ներսում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով երեկ՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման 6 անդամների ձերբակալությունների մասին՝ Ա. Սարգսյանը նշեց, որ թեկուզ ինքը համաձայն չէ ապրիլի 24-ին հանրահավաք անելու մտքին, բայց այլ բան է, թե ինչ են անում հիմա իշխանությունները:
«Ինչո՞ւ են ձերբակալում մարդկանց, ովքեր իրենց քաղաքական հայացքներն են արտահայտում: Իշխանությունները վստահ են, որ նման շարժում կարող է առաջանալ, որովհետև ժողովրդի դժգոհությունը իշխանություններից ահռելի է, որովեհտև ժողովուրդն ամեն օր տեսնում է՝ ինչ ավելի ծանր վիճակում է ինքը հայտնվում»,- ասաց բանախոսը:
Հարցին՝ այլ ճանապարհ չունե՞ր իշխանությունը, որ ձերբակալեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, ուներ».
«Առաջին հերթին պետք է այնպիսի քաղաքականություն վարեր իր երկրում, որ ժողովուրդը չգնար այդպիսի մարդկանց հետևից, որոնք ուզում են անկարգություններ կամ չգիտեմ՝ ինչեր կազմակերպեին, պետք է ժողովրդին առաջին հերթին տալ այն, ինչ ինքը պահանջում է օրինական ձևով, որպեսզի այդպիսի իրավիճակ չստեղծվի»:
Հարցին էլ՝ կարծում եք՝ իշխանությունը վախեցա՞վ, որ այդ օրն ինչ-որ բան կլինի, դրա համար ձերբակալե՞ց մարդկանց, Ա.Սարգսյանը պատասխանեց, որ իշխանությունների հայտարարությունից այդպես է երևում. «Որ, իբր, արդեն իրենք համոզված են, որ նրանք անկարգություններ են անելու ապրիլի 24-ին»: