
ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն ամերիկացիների հեռախոսազանգերը գաղտնալսել են 1992 թվականից. USA Today

USA Today-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի թմրանյութերի տարածման դեմ պայքարի վարչությունը բոլոր ամերիկացիների միջազգային հեռախոսազանգերի մասին տվյալներ սկսել է հավաքել 1992 թվականից:
ԱՄՆ-ի կառավարությունը ամերիկացիների միջազգային հեռախոսազանգերը սկսել է գաղտնի ձայնագրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից գրեթե 10 տարի առաջ:
Այս մասին լրատվամիջոցին հայտնել են գերատեսչությունում նրա աղբյուրները: Նրանց պնդմամբ` արդարադատության նախարարությունն ու թմրանյութերի տարածման դեմ պայքարի վարչությունն ավելի քան երկու տասնամյակի ընթացքում հավաքել են ԱՄՆ-ից 116 երկրներ կատարված գործնականում բոլոր հեռախոսազանգերի տվյալները:
Քննիչներն այդ ձայնագրություններն օգտագործել են` հետևելու համար ԱՄՆ-ում թմրանյութերի տարածմանը, ինչպես նաև 1995 թվականին Օկլահոմա-Սիթիում շենքի պայթեցման հետաքննման համար:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը փետրվարին խոստովանել էր, որ հավաքել է հեռախոսազանգերի մասին տվյալներ, սակայն չէր մանրամասնել գործողության մասշտաբը: