Մեծ Բրիտանիայում նոր կանոն է ներդրվել ապօրինի ներգաղթյալների թիվը նվազեցնելու համար
BBC News-ի փոխանցմամբ` բրիտանացի սահմանապահները սկսել են ստուգել Միացյալ թագավորությունը լքողների անձնագրերը: Նոր կանոնը ներդրվել է 2014 թվականին վտարանդիության մասին օրենքին համապատասխան:
Կառավարությունը խոստանում է, որ այդ միջոցները կօգնեն նվազեցնել անլեգալ ներգաղթյալների թիվը: Այսուհետ երկիրը լքողների տվյալները կփոխանցվեն ՆԳՆ-ին: Այդ միջոցն իշխանություններին հնարավորություն կտա իրազեկվել, թե ովքեր են լքում Մեծ Բրիտանիան և ովքեր են մնում այնտեղ:
Ցայժմ բրիտանական կառավարությունը չի կարողացել հետևել ժամկետանց վիզաներով օտարազգիներին: Բացի այդ, տվյալ միջոցը ոստիկանությանն ու հատուկ ծառայություններին հնարավորություն կտա վերահսկել կասկածյալների, հանցագործների ու ահաբեկիչների տեղաշարժերը:
Միևնույն ժամանակ անձնագրերի ստուգումը որոշակի խնդիրներ կստեղծի տրանսպորտային վերահսկողություն անցնելիս, ինչը հատկապես վերաբերվում է Լա Մանշի վրայով անցնող լաստանավերի ուղևորներին և նեղուցի տակով անցնող թունելից օգտվողներին:
Ապրիլին ստուգման կենթարկվի անձնագրերի 25 տոկոսը, մայիսին այդ ցուցանիշը կհասցվի 50 տոկոսի, իսկ մինչև հունիսի կեսը ստուգումները կառնչվեն Միացյալ թագավորությունը լքող բոլոր ուղևորներին: