
Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք արժևորում ենք նրա հետ հարաբերությունները. Լավրով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն արժևորում է Հայաստանի հետ հարաբերությունները.
«Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք գնահատում ենք հարաբերությունները, որոնք ունեն դարերի պատմություն և ամրագրված են մեր ժողովուրդների պատմական, մշակութային ու հոգևոր մերձեցմամբ:
Այդ հարաբերությունները որակական նոր փուլ են մտել ԵՏՄ-ին Հայաստանի միանալով: Մենք պայմանավորվել ենք շարունակել պայմանագրային-իրավական բազայի կատարելագործումը:
Ներկայումս Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա է «ոչ վատ» ապրանքաշրջանառություն: 2014 թվականի արդյունքներով այն գերազանցել է 1.4 միլիարդ դոլարն ու շարունակում է աճել: Փոխգործակցությունը լավ զարգանում է վառելանյութային-էներգետիկ, ներդրումների, բանկային ոլորտներում»:
Լավրովի խոսքերով` Ռուսաստանը Հայաստանին կցուցաբերի ֆինանսական օգնություն` Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար: