«Աշխարհում Քարդաշյան քույրերին ավելի լավ են ճանաչում, քան ԱՄՆ արտաքին գործերի նախարարին»

Այս օրերին սոցիալական ցանցերում ամենաշատ քննարկվող թեմաներից է Քարդաշյան քույրերի` Հայաստան այցելությունը: Ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել է. «Մեզ դուր գա, թե չէ, բայց Քարդաշյանն այսօր աշխարհի ամենաճանաչված հայն է: Նա 30 000 000 հետևորդ ունի Instagram-ում և 25 000 000` Facebook-ում: Ընդամենը մի լուսանկար Հայաստանից և Թվիթերի մի կոճակ, ապա դա Հայաստանի համար այնպիսի մի «ՓիԱռ» կլինի, որ կառավարության բոլոր ջանքերը միասին չեն կարող անել»:

Հայկական խոշոր լոբբիստական կազմակերպություններից մեկի` ՀՅԴ Ամերիկայի հայ դատի հանձախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Քիմ Քարդաշյանի դստեր լուսանկարը`«Hai aghchig!» («Հայի աղջիկ») մակագրությամբ: Հայկական ավանդական կառույցները չեն հրաժարվում օգտագործել Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը` աշխարհի ուշադրությունը հրավիրելու Հայաստանի և Հայ Դատի հարցերի վրա:

168.am-ի այն հարցին, թե ամերիկահայ լոբբինգն ինչպե՞ս է վերաբերվում Քիմ Քարդաշյանի` հայաստանյան այցելությանը, Ամերիկայի հայկական համագումարի ծրագրերին աջակցող ամերիկահայ մի գործիչ (որ չցանկացավ ներկայանալ) ատասխանեց. «Լոբբիստական կազմակերպությունների տարած հետևողական աշխատանքների շնորհիվ է, ու ԱՄՆ-ում շատ է խոսվում Հայաստանի, Հայ Դատի, Հայոց ցեղասպանության մասին, ինչն էլ իր անուղղակի ազդեցությունն է ունեցել Քիմ Քարդաշյանի որոշման վրա, բայց նա որոշումը կայացրել է անկախ: Նա համաամերիկյան հայկական կազմակերպությունների հետ առնչություն չունեցող գործիչ է, նկատի ունենալով, որ քաղաքականությամբ չի զբաղվում, չի շփվում հայկական համայնքի հետ, այնպես ինչպես` ժամանակին Քըրք Քըրքորյանը կամ այլ հայտնի ամերիկահայեր, օրինակ` Ջեք Գևորգյանը, որ իր կյանքի ավարտին, բանտից ազատվելուց հետո մասնակցեց հայկական մի մեծ ձեռնարկի: Բայց չի բացառվում, որ Հայաստան այցից հետո ԱՄՆ-ի հայկական կառույցները փորձեն ներգրավել Քիմ Քարդաշյանին իրենց ծրագրերում. մանավանդ, որ իր այս այցն էլ նա կոչել է «Վերադարձ արմատներին»: Նա քաղաքական գործիչ չէ, բայց շատ հայտնի է և միլիոնավոր հետեւորդներ ունի»:

Եվրո-Հայկական Դաշնության նախկին նախագահ, այժմ Ֆրանսիայի Ռոն-Ալպի նահանգային խորհրդի պատգամավոր Հիլդա Չոբոյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք հայկական լոբբինգն իր ազդեցությունն ունեցել է ապրիլի 24-ից առաջ Քարդաշյանի Հայաստան այցի որոշման վրա, ասաց. «Անկասկած, ԱՄՆ-ում Հայոց Ցեղասպանության շուրջ ստեղծված հետաքրքրությունը դերակատարություն ունեցել է այս որոշման կայացման մեջ: Շատ դրական եմ գնահատում նրա այցը։ Քիմ Քարդաշյանը համաշխարհային ճանաչում ունի մասնավորաբար ոչ քաղաքականացված հասարակության մէջ։ Հանրային կարծիքի վրա ազդելու և Հայոց ցեղասպանությունը ծանոթացնելու հնարավոր միջոցներից մեկն է սա, որ չպետք է բացառել: Այս և նույնանման, մինչև իսկ քաղաքական դեմքերի այցելության հետևանքները սահմանափակվում են հանրային կարծիքի ձևավորմամբ, բայց, իմ կարծիքով՝ հայ ազգային կառույցները պետք չէ բավարարվեն այս այցելությունների մակարդակով կամ քանակով։ Մեզ համար այսօր կենսական է ապրիլի 24-ի հավաքները քաղաքական դրամագլխի վերածելու ռազմավարություն մշակել և գործի դնել»,- մեզ հետ զրույցում ասաց Հիլդա Չոբոյանը:

Կարդացեք նաև

ԱՄՆ-ում հայտնի գրող, մտավորական Խորեն Արամունին նույնպես դրական համարեց Քարդաշյան քույրերի այցը` Հայաստան. «Նրանք հայ են, և պատահական չէ նրանց այցը հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Նրանք մեզ ավելի պատիվ են բերում, քան` «Կիսաբաց լուսամուտներ» ծրագրին մասնակցող հայաստանաբնակ մեր հայրենակիցներն ու Թուքիայում ապրող հայաստանցի շատ կանայք, որ գիտենք՝ ինչով են զբաղվում: Իմիջիայլոց, ամբողջ աշխարհում Քարդաշյան քույրերին ավելի լավ են ճանաչում, քան ԱՄՆ արտաքին գործերի նախարարին: Թող գան, գլուխ խոնարհեն զոհված հայրենակիցների հուշարձանին, դա պատիվ է թե մեզ, թե իրենց»,- 168.am-ին ասաց Խորեն Արամունին:

«Հույս ունեմ, որ այս այցը դրական կլինի Հայ Դատի համար, մամուլում բավականաչափ կլուսաբանվի,- 168.am-ին ասաց կանադահայ, «Արծիվ» թերթի խմբագիր Ռուբեն Ջանբազյանը:

Իսկ լոս-անջելեսաբնակ արվեստագետ Սամվել Սաղաթելյանը վստահ է` Քիմը հայերի «դուխը» տեղն է պահում. «Ֆեյսբուքում երբեմն բացասական մեկնաբանություններ եմ կարդում, զարմանում եմ ու չեմ հասկանում` ինչի՞ց է գալիս, կամ նախանձից է կամ անհասանելի լինելուց: Քիմը այսօր երևույթ է համաշխարհային շոու-բիզնեսում, դա անառարկելի է, ու շատ լավ է արել, որ որոշել է Հայաստան գալ»,- 168.am-ին ասաց Սամվել Սաղաթելյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս