Բաժիններ՝

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող զինծառայողների մոտ ալկոհոլ է հայտնաբերվել

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայողների օրգանիզմում ալկոհոլ է հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել էր 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, զորամասի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրել են, որ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ստացվել է նշանակված տոքսիկաքիմիական և դատանյութագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ Նորիկ Սահակյանի մոտ հայտնաբերվել է 1.24 գ/լ ալկոհոլ, Վաչե Սահակյանի մոտ՝ 0.5 գ/լ ալկոհոլ, Մովսես Ազարյանի մոտ՝ 0.6 գ/լ, Գնել Թևոսյանի մոտ՝ 1.2 գ/լ ալկոհոլ:

Մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին` թե որքանո՞վ է եզրակացությունը կարևոր, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանն ասաց. «Այդ եզրակացությունն այդքանով էր կարևոր, որ բազմիցս շրջանառվում էր տեղեկատվություն, որ իրենք ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել: Այսինքն՝ իրենց մատնանշած կարևորագույն հանգամանքներից մեկը վերացավ»: Հարցին, թե սա իրավական ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել մեղադրյալների համար, փաստաբանը պատասխանեց, որ եթե հետագայում հաստատվի մեղադրյալների մեղավորությունը, ապա ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը դիտարկվելու է` որպես պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:

Գործով մեղադրյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանն էլ մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեն փորձաքննության վերաբերյալ, ասաց. «Իմ պաշտպանյալն իմ մասնակցությամբ է ցուցմունք տվել, և նա կտրականապես հերքել, հրաժարվել է, ժխտել է, որ ինքը երբևիցե ալկոհոլ է օգտագործել, օգտագործում է: Նույնը նաև իր ծնողներն են ասել, հարազատներն են ասում, որ նա ընդհանրապես ալկոհոլից հեռու էր: Եզրակացության համաձայն՝ 1.24գ/լ քանակությամբ խմածություն է հայտնաբերվել, որը համարվում է թեթև աստիճանի, ընդ որում՝ մեզի մեջ: Բայց արյունն էլ են վերցրած եղել, արյան մեջ չի հայտնաբերվել»:
Պաշտպանը տեղեկացրեց, որ այս փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո միջնորդություն է ներկայացրել՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին, սակայն քննիչը մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ իր կողմից հիմնավոր պատճառաբանություններ չեն ներկայացվել.

«Ընթացքում, իհարկե, ուսումնասիրություններ կանենք, որովհետև չի բացառվում, որ, տոն է եղել հունվարի 28-ին, 2-3 հատ լիկյորով շոկոլադ օգտագործած լինի: Նույնիսկ այդ քանակությունը հնարավոր է, որ բերեր մեզի մեջ ալկոհոլի նման քանակության: Սա է ամբողջ խնդիրը: Եվ հաջորդը: Տարօրինակն այն է, և ինձ համար շատ էր զարմանալի, որ քրեական գործը հարուցվել է ոչ թե` Հայկազ Բարսեղյանի սպանության փաստի առթիվ, այլ այնտեղ գրված է, որ՝ այս, այս, այս կուրսանտները դիտավորությամբ, իրենց գերազանցությունը ցույց տալու հետ կապված խուլիգանական դրդապատճառներով և այլն, այդ անձնավորության նկատմամբ հաշվեհարդար են տեսել, սպանել են:

Այսինքն՝ դեռ հունվարի 29-ին, ընդունենք` կեսօրին, նման գործ է հարուցվել, արդեն բացահայտել են, որ այդ մարդիկ են: Եվ նմուշառումն էլ, ընդ որում, կատարվում է երեկոյան: Ինչո՞ւ հենց այդ պահին՝ ցերեկը, չեն վերցրել, կամ այն ժամանակ, երբ բացատրություններ են վերցրել, կասկածներ են եղել, կենսաբանական այդ նմուշները՝ արյան և մեզի նմուշներն ինչո՞ւ ավելի շուտ չեն վերցրել, որով նաև պարզ կլիներ՝ արյան մեջ կա՞, թե՞ չկա: Այս ամբողջը կասկածի տեղիք էր տալիս: Դրա հիման վրա էր, որ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի կրկնակի փորձաքննություն նշանակվի»: Ճշտող հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ ալկոհոլի այդ քանակն առաջանար, օրինակ՝ իր մատնանշած կոնֆետների օգտագործումից, Հովիկ Արսենյանը պատասխանեց.

«Ինչո՞ւ չէ: Եվ ինձ համար ցավալին նա է, որ ասում են, որ իբր մինչև «ատբոյը»՝ քուն հայտարարելն են խմել: Ես տեղյակ չեմ, ես ինֆորմացիան եմ ընդամենն ասում: եթե այդպես է, եթե իսկապես իմ պաշտպանյալը խմել է, չէ՞ որ նա գիշերը հերթապահին խնդրել է, որ արթնացներ, որ այլ կուրսանտների հետ նստեր, ու պատասխանատու սպայի աշխատասենյակի դիմաց՝ միջանցքում դրված սեղանի մոտ նրանք քննություն են պարապել՝ հրետանային հրաձգություն թե ինչ, ու խնդիրներ են լուծել: Ինչպե՞ս է դա հնարավոր՝ խմած վիճակում հելնո՞ւմ է և քննություն է, հա՞, պարապում: Շատ եմ ցավ ապրում: Չգիտեմ: Համենայն դեպս, խիստ կասկածելի հանգամանքներ են»:
Մեր հարցին՝ արդյոք ձեռնարկելո՞ւ են քայլեր՝ պարզելու համար իր նշած հանգամանքները, Հովիկ Արսենյանը պատասխանեց. «Մասնագիտական ուսումնասիրություններ կկատարենք, որի հիման վրա կհարուցենք նոր միջնորդություններ»:

Փաստաբանը տեղեկացրեց, որ այժմ էլ Նորիկ Սահակյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս