
Զարուհի Փոստանջյան. «Պարո՛ն Սերժ Սարգսյան, հասկանում ենք ձեր խուճապը»

Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անդրադարձավ «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ իրականացվող հետապնդումներին: նա հիշեցրեց Գյումրիի դեպքերը` նշելով, որ այսօր առավոտ ԱԱԾ-ն՝ քննչականի հետ համատեղ խուզարկություն է իրականացրել Ժիրայր Սէֆիլյանի ու նրա համախոհների բնակարաններում՝ իբր հանցագործություն է նախապատրստվում, ապա ձերբակալել են Սէֆիլյանին: Ըստ նրա՝ այդ կառույցների ղեկավարները պետք է գնան ռուսական ռազմաբազա ու ձերբակալեն Պերմյակովին, բայց անցել են ռեպրեսիաների հայրենասերների դեմ՝ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ:
«Պարո՛ն Սերժ Սարգսյան, հասկանում ենք ձեր խուճապը, վախը, բայց ավելի ճիշտ կլինի դուք վախենաք Յանուկովիչի, Քադաֆիի ճակատագրից: Ճիշտ կլինի, որ այս վախերը դուք գնահատեք ձեր մեջ ու հեռանաք առանց արյան,- ասաց Զ. Փոստանջյանն ու, հիշեցնելով, որ Ս.Սարգսյանին անվանեցին չարիքի իշխանության ղեկավար, հավելեց,- Անկախ նրանից՝ ապրիլի 24-ին ինչ է տեղի ունենալու, դուք վախեցեք, որ արյունով եք գնալու: Ոչ մեկը դա չի ցանկանում, որ հայ մարդու արյուն թափվի: Սթափվե՛ք, ինքներդ հեռացեք ու թույլ տվեք, որ Հայաստանում քաղաքացիներն ապրեն արժանապատիվ»: