Բաժիններ՝

«Պահանջում ենք ներողություն խնդրել հայ ազգի վիշտը անարգելու և հայի պատիվը ոտնահարելու համար»

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, տխրահռչակ «բիզնես-լեդի» Հերմինե Նաղդալյանից և երեկ նրա հետ Ծիծեռնակաբերդում գտնված ՀՀԿ-ական կանանցից պահանջում ենք անհապաղ հանրային բացատրություն ներկայացնել Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչումը որպես «տոնակատարության» ներկայացնելու ինքնագլուխ, ստոր և քստմնելի արարքի համար։ Հայ հանրությունը նրանց չի լիազորել և չի պատվիրակել հայոց պատմության ամենաարյունալի էջը մեկնաբանել ժպիտով և օսմանյան թուրքերի կողմից հարյուր տարի առաջ իրականացված նախճիրին այսօր պատասխանել փուչիկներով, ծաղիկներով և սելֆիներով։

Այս խայտառակ ակցիայի հնարավոր հետևանքների համար պատասխանատվություն են կրելու երեկվա ամոթալի ակցիայի կազմակերպիչները և մասնակիցները։ Մարդկության դեմ հանցագործությանը ծաղրական տոնով արձագանքող և այսպիսով մեր նախնիների արյունը պղծող ՀՀԿ-ական խմբակի արարքը իսկույն լայն արձագանք ստացավ գիտակից հանրության շրջանակներում, ԶԼՄ-ներում և սոցիալական-քաղաքացիական ցանցերում, որտեղ այդ եղկելի ակցիայի մասնակիցներին բնականաբար խստիվ քննադատեցին՝ նրանց անվանելով «թուրքի հարեմ», «անուղեղ միաբջիջ կենդանիներ», «դավաճաններ, որոնք գցում են հայ ազգի պատիվը և այլասերում սերունդներին» «խոճկորանման զանգված, որը պղծում է մեր ազգի հիշողությունը, ծաղրում մեր վիշտը և անպատվում հայի ինքնությունը» և բազմաթիվ այլ որակումներ։ Մենք գիտակցում ենք, որ տգիտությունը և այլասերվածությունը գործող ռեժիմի անքակտելի որակներն են, սակայն անթույլատրելի ենք համարում Հայոց ցեղասպանության հիշատակման համատեքստում փուչիկա-ծաղիկախառը տոնախմբությունների անցկացումը, ժպտադեմ սելֆիների տեղատարափը և նմանատիպ այլ ամոթալի գործողություններով թուրքերի ջրաղացին ջուր լցնելու քաղաքականությունը։

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն   

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս