«Այսօր դեֆոլտի վտանգ չկա երկրում». Վարդան Այվազյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Հայաստանի տնտեսությունում առկա իրավիճակը մտահոգիչ է համարում, իսկ մի քանի տարի այսպես շարունակվելու դեպքում, ըստ նրա, Հայաստանն օրհասական իրավճակում կհայտնվի: 168.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե արդյոք դրամի փոխարժեքն ազատ թողնելու դեպքում խնդիրները կկարգավորվե՞ն, Վ.Այվազյանը պատասխանեց, որ դա լուծման բաղադրիչներից մեկն է, բայց այդ դեպքում էլ սոցիալական խմբերի հետ կապված լրջագույն խնդիր կառաջանա ու պետք է կոմպենսացնել նրանց: Ըստ նրա՝ փոխարժեքն ազատ թողնելու դեպքում դոլարը կարող է կտրուկ արժևորվել: Վ.Այվազյանի խոսքով՝ հարկավոր է համալիր միջոցառումներ իրականացնել, ինչի ուղղությամբ կառավարության հետ աշխատանքներ են տարվում, մասնավորապես, ներդրումներ ներգրավելու և առավելագույն ազատ տնտեսվարման դաշտ ստեղծելու ուղղությամբ:
Մեր դիտարկմանը, որ շատ մասնագետներ իրավիճակն անելանելի են համարում, Վ.Այվազյանը չհամաձայնեց՝ նշելով, թե շատերն էլ գտնում են, որ առկա լուրջ հիմնախնդիրները կարող են լուծվել. «Այսօր դեֆոլտի վտանգ չկա երկրում: Անգամ մնացած պրոցեսն ինձ ավելի է անհանգստացնում, քան դեֆոլտային իրավիճակը: Վատ է, բա հետո՞, լուծում է պետք, չէ՞: Հիմա որ տանը հիվանդ եք լինում, մեկը չայ է տալիս, մեկը՝ մուրաբա, մեկը՝ դեղ, ոչ թե ասում են՝ մեռնում է, թող մեռնի: Դրա համար պետք է քայլեր անել: Մենք խոսել ենք վարչապետի հետ, ասել է՝ պատրաստ է»: