«Լրատվական դաշտը նման է չհավաքած անկողնու». Վասակ Դարբինյան. media.am
media.am-ը զրուցել է Վասակ Դարբինյանի հետ
Վասակ Դարբինյանը երկար, ոլորապտույտ ու հետաքրքիր լրագրողական ուղի է անցել:
Անկախ Հայաստանի ազատ մամուլի բուռն աճն ու հետագա տրանսֆորմացիաները նա զգացել է ներսից՝ տարբեր պարբերականների խմբագրություններում աշխատելիս:
Նա եղել է «Հայք», «02», «Թերթ», «Այբ-ֆե», «Առավոտ», «Ժամանակ» թերթերի խմբագիրը, հիմնադրել ու հրատարակել «Տարեգիր» թերթը, աշխատել մի շարք հեռուստաընկերություններում: Մի խոսքով՝ շատ բան է տեսել ու շատ բան փորձարկել, հաճախ ըմբոստ քայլեր արել ու երբեմն ստիպված որոշումներ ընդունել: Իսկ հիմա Վասակ Դարբինյանը մեդիա արտադրանքի փորձագետ է։ Նա գտնում է, որ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների բացակայությունը, պրոֆեսիոնալիզմի ոլորտում մրցակցության պակասը գրեթե բոլորին ստիպում է աշխատել իմիջիայլոց, իներցիայով։ Եվ նույնքան էլ մոտավորապես շարադրել մտքերը։ Սեփական խոսքի նկատմամբ անփութությունը ձեւավորում է փնթի լրատվական դաշտ: Նրա կարծիքով` լավ լրագրող լինելու համար առաջին հերթին հարկավոր է ունենալ այդ մասնագիտությանը համապատասխան խառնվածք ու սուր միտք, պատկերացում ունենալ այն ոլորտից, որի մասին գրում ես եւ հրաշալի տիրապետել լեզվին:
– Հիմա Հայաստանում խելքից դուրս լրատվամիջոցներ կամ դրանց նմանությամբ աշխատող տեղեկատվական հարթակներ են գործում: Դրանց քանակը, ի վերջո, կմաղվի՞, թե՞ ոչ: Թվում է, որ դաշտը շուտով կհագենա ու կմաքրվի:
– Գուշակություն չեմ կարող անել, բայց կարծես թե մաղվելու նախանշաններ առայժմ չեն երեւում: Հիշում եմ, թե իմ ընկերներից մեկը ինչպես բնութագրեց ցաքուցրիվ մտքեր արտահայտող, նաեւ՝ սանրվելու սեր չունեցող մի քաղաքական գործչի՝ ասելով, թե նա նման է չհավաքած անկողնու… Մի քիչ նենգափոխեմ՝ մեր լրատվական դաշտը ոնց որ չհավաքած անկողին լինի:
– Ով հասնի՝ գալիս պառկո՞ւմ է:
– Նկատի ունեմ թափթփվածությունը, փնթիությունը, ծուլությունը: Դրա հետեւանքով էլ խեղաթյուրվել են պատկերացումները բուն լրագրության մասին: Մարդիկ ստեղծում են լրատվական կայքեր եւ անգամ հեռուստաընկերություններ, որպեսզի դրանք սպասարկեն իրենց շահերը:
Իրենց թվում է, թե լրագրողներն ու լրատվամիջոցներըը միայն մեկ առաքելություն ունեն՝ ծառայել իրենց տերերին: Դա ամենաանառողջ մտայնությունն է, որը հետին պլան է մղում պրոֆեսիոնալիզմը:
Մի կողմից իշխանությունն է ստեղծում իր հենարանները, մյուս կողմից՝ տարբեր քաղաքական կամ տնտեսական հավակնություններ ունեցող մարդիկ են հիմնում լրատվամիջոցներ, որ փառաբանեն սեփական մեծագործություններն ու կերտեն իրենց հերոսական կերպարը: Արդյունքը լինում է այն, որ լրատվությունը հեղինակազրկվում է եւ դիտարկվում որպես սպասարկող ոլորտ:
Թեեւ ամիսներ են անցել, բայց հենց նոր տպված թղթադրամի պես չի կորցնում թարմությունը Գալուստ Սահակյանի արտահայտությունը լրագրողների ու լրատվամիջոցների մասին. արտասահմանյան մի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ բոլոր լրագրողները կաշառակեր են: Յուրայիններին լավ ճանաչելով՝ հավանաբար համոզվել է, որ այդպես է:
Փողով եւ հանուն փողի, երբ ստորադասվում եւ ոտնահարվում է ճշմարտությունը, որեւէ մեկի դեմ հոդված գրելը ամենախայտառակ երեւույթն է լրագրության մեջ: Իհարկե, սա նոր երեւույթ չէ, բայց եթե ԱԺ նախագահն ասում է, որ շատ լավ գիտի, թե լրատվամիջոցները որտեղից են սնվում, նշանակում է, որ լրատվամիջոցների մեծ մասին վճարում են հենց իրենք՝ դա համարելով կաշառք:
Ուզում եմ ասածս սխալ չընկալվի. ոչ մի վատ բան չկա, երբ ինչ-որ մեկը ֆինանսավորում է լրատվամիջոցը, վատն այն է, որ այդ բանն անում է իրեն փառաբանելու եւ այլոց վարկաբեկելու նպատակով։
Ցավոք, մասնագիտական հարցերը հաճախ ստորադասում են նաեւ լրագրողները: Մի խոսքով՝ հիմա լրատվական դաշտում փնթիության ու տգիտության զուգակցություն է։ Ես չեմ խտացնում գույներն ու ողբերգական երանգ տալիս, դա է իրականությունը:
– Ցածր աշխատավարձով ու արագ ռեժիմով աշխատող լրագրողներից շատ բան ենք պահանջում: Մրցակցությունն այն է, թե ով առաջին կհաղորդի լուրը, իսկ որակը երկրորդական է:
– Լրատվական կայքերի այդպիսի մրցակցությունն ինձ համար հասկանալի չէ: Հո չեն կարող մի քանիսը միաժամանակ առաջինը հաղորդել միեւնույն լուրը։ Որպես կանոն՝ գույժը… Է, կայք Աստծո, դու էլ ուրի´շ լուր հաղորդիր առաջինը, ինչու՞ եք գզվռտոցի մեջ ներքաշվում։
Մեր լրատվամիջոցներից շատերը, ի դեպ, դարձել են գուժկան։ Մեկ էլ տեսար՝ զանազան կայքերից ֆեյսբուքում հայտնվեցին «շտապ» գրառմամբ լուրեր: Մինչդեռ դրանց մեծ մասը հիմնականում հնացած է ու ակտուալ չէ, եւ հետո, «շտապ» բառն է սխալ գործածվում. պետք է լինի «հրատապ»:
Դիտումների քանակով մրցակցելու մեջ հաճախ անառողջ տարրեր կան: Մեր լրատվական դաշտը հիվանդ է, եւ այդ մրցակցությունը չի նպաստում առողջացմանը: Ենթադրենք՝ որեւէ կայք դիտումների ահռելի քանակ ունեցավ՝ ի հաշիվ անորակ, էժանագին, «շտապ» հաղորդագրությունների։
Եթե անգիտակից, ստորին խավի նյարդերի հետ խաղալը կամ այդ խավի կրքերը բորբոքելը նպատակ են դարձնում, կնշանակի արդեն իսկ տանուլ են տվել. միեւնույն է, պոռնո կայքերին չեն հասնի։ Այս ոլորտում լուրջ լրատվամիջոցի հավակնություն ունեցողը մրցակցության մեջ չի մտնի։ Մրցակցություն կարող է լինել միայն պրոֆեսիոնալիզմի ոլորտում։ Եթե ոմանք չգիտեն, թե ինչ բան է դա, իրենց խնդիրն է։
– Ստացվում է, որ մեդիան զենք է, որն ավելի լավ է՝ գրպանումդ լինի (անգամ եթե գործի չի դրվում), քան դիմացինի ձեռքում:
– Մեդիան, այո, ազդեցիկ է, եւ բոլոր իշխանավորները լավ գիտակցում ու օգտագործում են այն, ասենք, ընտրությունները կեղծելու համար: Եվ այդ պատճառով էլ նրանց ձեռնտու է գործ ունենալ կիսագրագետ, բայց ծառայող ու հնազանդ, քան գրագետ, ինքնուրույն ու անկաշառ լրագրողների հետ:
– Լրագրողական լեզվի կոնկրետ ի՞նչ սխալներ կնշեք:
– Այս մասին առիթ ունեցել եմ խոսելու։ Վերջին տարիներին հայ լրագրության մեջ ցայտուն է մի միտում. լրագրողներից շատերը ստորոգյալը տանում են նախադասության վերջ:
Այսինքն՝ բուն գործողություն կրող, ցույց տվող բառը վտարվում է, որքան հնարավոր է, հեռու, ինչը հայերեն շարադասությանը խորթ է: Իհարկե, մեր լեզվում տրամաբանական շեշտը շարադասությունը դարձնում է շատ ճկուն, սահմանափակումներից գրեթե զերծ, բայց նաեւ ունի ոսկե կանոններ: Օրինակ՝ ենթակա-ստորոգյալ-լրացում շարադասական ատաղձը:
Ճիշտն ասած՝ լրագրողների՝ այդօրինակ նախադասություններում ես տեսնում եմ գործողությունը ուշացնելու, այն հետաձգելու, «էսօրվա գործը վաղվան թողնելու», նաեւ ծուլության չգիտակցված թելադրանք: Կարծես սկսել ենք կարեւորել անկարեւորը, երկրորդականը, լրացումները, բայց ոչ անելիքը:
Հետաքրքրվեցի ու իմացա, որ ստորոգյալը նախադասության վերջում տեղադրելը օրինաչափ է, օրինակ, թուրքերենում: Կարծում եմ՝ ստորոգյալը նախադասության վերջում դնելով՝ թուրքերը իրենց լեզվամտածողությամբ կարեւորում, շեշտադրում են գործողությունը, իսկ մենք, հակառակը, ավելի շուտ ծուլանում, ալարում ենք գործել կամ էլ գործը հաճախ կիսատ ենք թողնում: Իհարկե, իմ ասածը մասնագիտորեն ձեւակերպելու կարիք կա, սա ավելի շուտ զգացական դիտարկում է:
Մի բան էլ է աչք ու ականջ ծակում, ուղեղ սղոցում. հիմա «որ» շաղկապը վտարվել է հայերենից, «որ»-ին փոխարինել է «ով»-ը: Անհեթեթություն այնքան է բարգավաճել, որ անգամ ֆուտբոլի մեկնաբանն է ասում. «Մադրիդի «Ռեալը», ով աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը…»:
Որքան ինձ հայտնի է, «ով»-ի համատարած օգտագործման ցեցը գցեց մի կիսագրագետ պատգամավոր, որը ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին բացատրում էր, որ մարդու մասին խոսելիս չի կարելի «որը» ասել, քանի որ մարդը հո անշունչ չէ: Օրինակ՝ չի կարելի ասել՝ Սերժ Սարգսյանը, որը… Պիտի ասվի. «Սերժ Սարգսյանը, ով…», քանի որ Սերժ Սարգսյանը «որը» չէ, այլ «ով» է:
Եվ թքած, որ ստորադասական նախադասություններում «ով»-ը միայն մի դեպքում է օգտագործվում՝ նա, ով…, իսկ մնացած դեպքերում օգտագործվում է «որը» շաղկապը։ Ի վերջո, այս համատարած անգրագիտացման թոհուբոհում ուղեցույց կարող են լինել հայ գրողների ստեղծագործությունները, որոնցից ոչ մեկում չեք հանդիպի մարդուն իբր կարեւորելու եւ «ով»-ացնելու այս արհեստական մոլուցքը։
Նունե Հախվերդյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: