«ԱՄՆ-ի ամենաարագ աճող հայկական համայնքը Լաս Վեգասինն է». Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս

Ասում է Լաս Վեգասի ՀՀ պատվավոր հյուպատոս Ատրուշան-Էնդի Արմենյանը

Ապրիլի 18-ին Լաս Վեգասում բացվելու է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ. ՀՀ ԱԳ նախարարի հրամանագրով պատվավոր հյուպատոս է նշանակվել Լաս Վեգասում ճանաչված հասարակական, տնտեսական գործիչ Ատրուշան-Էնդի Արմենյանը։ Երկար տարիներ նա աշխատել է Procter&Gamble ընկերության տարբեր երկրների գրասենյակներում` իբրև մենեջեր։ 2005-ին հաստատվել է Լաս Վեգասում, ուր բիզնես է վարում ընտանիքի հետ, միաժամանակ մասնակցում է Լաս Վեգասի հայկական կյանքի կազմակերպմանը։

Վերջին շրջանում ԱՄՆ-ի Նևադա նահանգում աշխուժացել է հայկական համայնքը, և նկատելի է դարձել նաև հայերի ակտիվ մասնակցությունը նահանգային կյանքին։ Ինչպես հայտնի է` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ օրեր առաջ Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը հռչակագիր է ստորագրել, որի համաձայն` ապրիլի 19-26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ։ Նույն բովանդակությամբ հռչակագրով է հանդես եկել նաև Նևադայի փոխնահանգապետ, Նահանգային սենատի նախագահ Մարկ Հաթչիսոնը։ Երկու հռչակագրերում էլ ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները և Թուրքիային կոչ անել ճանաչել պատմական փաստերը։ Լաս Վեգասի հայկական համայնքի և պատվավոր հյուպատոսության գործունեության մասին «168 Ժամի» հարցերին պատասխանեց Լաս Վեգասում ՀՀ նորանշանակ պատվավոր հյուպատոս Ատրուշան-Էնդի Արմենյանը։

– Ինչո՞վ է պայմանավորված Լաս Վեգասի հայկական համայնքի աշխուժացումը։

Կարդացեք նաև

– Հավանաբար այն աշխույժ կյանքով, որ ունի Լաս Վեգասը, որը գրավում է իր աճող տնտեսական զարգացմամբ։ Լաս Վեգասը համարվում է աշխարհի զբոսաշրջության մայրաքաղաքը` տարեկան 40 միլիոն զբոսաշրջիկներով։ Հայերը ժամանակին մի քանի հազար էին կազմում այստեղ, իսկ այսօր արդեն 15 000 հայ է ապրում Լաս Վեգասում, որոնք ներգրավված են տարբեր բնագավառներում։

Այն այսօր համարվում է ԱՄՆ-ի ամենաարագ աճող հայկական գաղութը։ Քաղաքն աշխույժ է ոչ միայն բնակվող հայկական գաղութով, այլև` այցելու հայերով. տարեկան ավելի քան 250 000 հայ է այցելում Լաս Վեգաս, հիմնականում` Կալիֆոռնիայից, նաև` այլ երկրներից։ Համայնքի զարգացումը նկատելի է դառնում օրեցօր։ Այդ պատճառով մեր դիմումը քաղաքապետարանին` քաղաքում կառուցել 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող համալիր, չմերժվեց, և այս տարվա հունվարին մենք արտոնություն ստացանք Սանսեթ զբոսայգում (որ, ինչպես գիտեք, Լաս Վեգասի ամենախոշոր զբոսայգին է) կառուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որը Լաս Վեգաս այցելող հազարավոր զբոսաշրջիկների մեր պատմությունն ու անցյալն է ցույց տալու։

Համալիրը կառուցվելու է համայնքի հայերի նյութական աջակցությամբ։ Ես ինքս` լինելով Լաս Վեգասում Հայ-ամերիկյան մշակութային միության խորհրդի անդամ, ղեկավարում եմ Հայոց հուշահամալիրի կառուցման աշխատանքները։ Մինչ այդ Լաս Վեգասում հայկական եկեղեցի կառուցելու թույլտվությունն էինք ստացել, և, ինչպես գիտեք, 2013-ին Լաս Վեգասում կառուցվել ու այսօր գործում է «Սուրբ Կարապետ» Հայ Առաքելական եկեղեցին։

Andi Las Vegas (1)

– Ի՞նչ առաջնահերթ աշխատանքներ է տանելու պատվո հյուպատոսությունը, և ինչպե՞ս եք տեսնում Հայաստան-Լաս Վեգաս կապերը։

– Գրասենյակի հիմնական գործունեությունը հյուպատոսական ծառայության իրականացումն է, վարելու է անձնագրային, վիզաների և այլ փաստաթղթային ծառայություններ` Լաս Վեգասում ապրող հայերի համար։ Բայց նպաստելու ենք նաև համայնքում հայ մշակույթի պահպանմանը, հայոց պատմության և ժառանգության ծանոթացմանը` հայերին և օտարներին, մի բան, որ անցնող տասնամյակում արդեն իսկ անում էինք։

Մեր հիմնական աշխատանքներից է լինելու Հայաստանի Հանրապետության և Նևադա նահանգի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մշակումը։ Նևադան և Հայաստանը նմանություններ ունեն. նրանք երկուսն էլ ծովային սահման չունեցող` մեկը` երկիր, մյուսը` նահանգ է։ Երկուսն էլ ունեն հավասար` գրեթե 3 միլիոն բնակչություն, երկուսն էլ հարուստ են հանքային մետաղներով։ Ես վստահ եմ, որ կարելի է ուսումնասիրել և զարգացնել տնտեսական ու գործնական լավ հարաբերություններ ՀՀ-ի և Նևադա նահանգի միջև, բայց ուսումնասիրությունների և արդյունքի հասնելու համար ժամանակ է անհրաժեշտ։

Տեսանյութեր

Լրահոս