Հարցում. Ի՞նչ են մտածում մեր համաքաղաքացիները՝ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած՝ ապրիլի 24-ից մեկնարկող շարժման մասին

Ինչպես հայտնի է, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժումն իր շուրջօրյա հանրահավաքները սկսելու է ապրիլի 24-ից ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվանից: Հատկապես շարժումը սկսելու օրվա հետ կապված կան շատ հակասական կարծիքներ ու գնահատականներ: Շատերը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, կարծում են, որ այդ օրն ազգային սգո և համախմբման օր պետք է լինի, ու նպատակահարմար չէ, որպեսզի այդ օրը երկրի ներսում լինեն ինչ-որ գործընթացներ:

Թեև շարժման կազմակերպիչները հայտարարում են, որ այդ օրը ոչ մի «խժդժություն» չի լինելու, և իրենք ընդամենը խաղաղ հավաք են անցկացնելու, սակայն իշխանության տարբեր ներկայացուցիչներ նշում են անգամ, որ անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հարցազրույցներից մեկում խոսելով շարժման մասին՝ ասել էր, որ չի կարելի հանդուրժել այս ամենը. «Կարծում եմ, ժամանակն է՝ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, թույլ չտալ, որ իրենց հայ ժողովրդի զավակ, քաղաքական գործիչ հորջորջող մի խումբ արկածախնդիրներ ստվեր գցեն Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա։ Սա այն դեպքն է, երբ հանդուրժողականությունն արդարացված չէ»։

168.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց Երևանում՝ պարզելու իրենց դիրքորոշումը շարժումը սկսելու օրվա և, առհասարակ, նրանց պայքարին միանալու մասին:

Նշենք, որ մեր զրուցակիցներից շատերը նույնպես նշում էին, որ օրվա ընտրությունն այնքան էլ ճիշտ չէ: Սասուն պապին, ում գրեթե միշտ կարելի է հանդիպել Ազատության հրապարակում՝ եռագույն հագուստով, մեզ հետ զրույցում ասաց, որ թեև ինքը միանալու է պայքարին հենց առաջին օրվանից, բայց կարծում է՝ օրն այնքան էլ ճիշտ չեն ընտրել. «Այդ օրը ես չէի ուզի, այդ օրը, ճիշտ է, ամբողջ ազգն է գալու, իսկական ժամանակն է, բայց ես չեմ ուզում, որ մի սխալ քայլ հանկարծ անենք, նորից ծեծեն ու ջարդեն մեր հերոսներին»:

Մի պապիկ էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դա սգո օր է, և մենք միայն պետք է «սգանք ու ողբանք», ու ճիշտ չէ այդ օրը նման շարժում սկսելը: Նա ասաց, որ ինքն այդ օրը ոչ մի դեպքում չի միանալու շարժմանը, իսկ մյուս օրերին՝ «պայքար-պայքար՝ մինչև վերջ»:

Մի մարդ էլ մեր հարցին՝ միանալո՞ւ եք Ժիրայր Սէֆիլյանի շարժմանը, այսպես արձագանքեց. «Ժիրայր Սէֆիլյան, դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում: Նման ազատամարտիկներ ունենք մի 100 հազար հոգի: Չմտածես, որ ես նրան վարկաբեկում եմ, ոչ մի դեպքում, Սէֆիլյանը խոսում է հայի բերանից, հայի խոսքերով, բայց նա «մեծ է փրթցնում»: Ի՞նչ ես դու ուզում փոխես, Սէֆիլյան, դու քեզնից ի՞նչ ես ներկայացնում, ո՞վ է քո մեջքին կանգնած, մի երկու-երեք հոգի, նրանք էլ կթեքվեն, ու դու կմնաս մենակ»:

Հարցին էլ՝ ըստ Ձեզ՝ շատե՞րը կմիանան այդ օրը Ժ. Սէֆիլյանի գլխավորած շարժմանը, մի մարդ այսպես պատասխանեց. «Մենք ազգի դավաճան շատ քիչ ունենք, եթե միանան, ուրեմն՝ ազգի դավաճան են»:

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պավլիկ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Ժ. Սէֆիլյանի մոտեցումները բոլորովին այնպես չեն, ինչպես լրատվամիջոցներն են ներկայացնում. «Սէֆիլյանը նվիրյալ մարդ է, ու նրա շրջապատում էլ կան այդպիսի մարդիկ: Թե ինչքանով է ճիշտ կամ սխալ Սէֆիլյանի մոտեցումը, դա ժամանակը կորոշի: Բացի այդ, այդ պետական պաշտոնական միջոցառումները ճանապարհ են դեպի ոչ մի տեղ: Այն, որ այդ նախագահ կոչվածը սկզբում ասում էր՝ «Առաջ, Հայաստան», հետո ասում էր՝ «Ապահով Հայաստան», այդ ապահով Հայաստանը տեսնում ենք՝ Գյումրիում մարդիկ իրենց տանը քնած, եկան իսպառ վերացրեցին ողջ ընտանիքին: Սա ապահով Հայաստան չէ: Իհարկե, նման Հայաստանում ամեն շարժում արդարացվում է: Մարդիկ գազաններ են դարձել: Եթե գազանին զրկում ես սնվելու հնարավորությունից, իր տարածքն ունենալու հնարավորությունից, վերջապես, բազմանալու հնարավորությունից, այդ գազանները կկատաղեն, ու հետևանքները վատ կլինեն: Հիմա մեր ժողովրդին հասցրել են կատաղության աստիճանի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս