
ԱՄՆ-ն ու ԵՄ-ը դատապարտել են Ղրիմի թաթարների ԶԼՄ-ների փակումը

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի իշխանությունները դատապարտել են Ղրիմի թաթարների ԶԼՄ-ների փակումը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը.
«Մենք վճռականորեն դատապարտում ենք ռուսական օկուպացիոն իշխանությունների կողմից Ղրիմի թաթարների բազմաթիվ խոշոր ԶԼՄ-ների, այդ թվում նաև վերջին անկախ հեռուստաալիք ATR-ի, ինչպես նաև QHA լրատվական գործակալության, «Ավդեթ» թերթի, «Մեյդան ՖՄ» ռադիոկայանի ու մյուսների փակումը:
Այդ միջոցները վերջինն են այն գործողությունների շարքում, որոնք Ղրիմում խաթարում են խոսքի ազատությունը: Դրանք կոչված են Ղրիմի թաթարական բնակչությանն ու մյուս անձանց հարկադրաբար լռեցնելուն, որոնք հանդես են գալիս ռուսական օկուպացիայի դեմ:
Ղրիմը շարունակում է մնալ Ուկրաինայի անքակտելի մասը, և ԱՄՆ-ը նախկինի նման աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: Ղրիմի թաթարների ԶԼՄ-ների փակումը դատապարտել է նաև ԵՄ-ը: