Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել հատուկ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամասի բացմանը

Վերջին շրջանում զգալի աշխատանքներ են տարվում ՀՀ ռազմարդյունաբերության համալիրի զարգացման, զինված ուժերը հայրենական արտադրության զինտեխնիկայի և նորագույն սպառազինության նմուշներով համալրելու, ինչպես նաև առկա ռազմական տեխնիկայի ու սպառազինության հուսալի և անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ:
Օրեցօր ազգային բանակը համալրվում է նոր, ավելի որակյալ ու ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով՝ բացառիկ մակարդակի վրա դնելով ՀՀ պաշտպանական կարողությունները:
Ասվածի վկայություններից մեկն էլ վերջերս ԱԺ-ում ընդունված «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծն է, որը լուրջ նախադրյալներ է ստեղծելու այս ոլորտի զարգացման համար:
Կատարելագործման դինամիկ փուլում գտնվող հայկական ռազմարդյունաբերության համակարգի անքակտելի մասն այսուհետ կկազմի նաև հատուկ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամասը, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ապրիլի 2-ին:
Ինչպես փաստել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ արտադրամասը հնարավորություն է ընձեռելու մանրազնին ուշադրություն դարձնել ազգային բանակի ամենակարևոր և մարտունակ ստորաբաժանումներից մեկի՝ ՀՕՊ զորատեսակի հատուկ սարքերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման գործընթացի վրա: Բացի դրանից` ստեղծվելու են նոր աշխատատեղեր, այդ կերպ նպաստելով նաև ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Շրջելով ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր արտադրամասի տարածքում, պաշտպանության նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին, կատարված լայնածավալ աշխատանքներին, արտադրամասի տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ քննարկել է ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը:
Ի նշանավորումն նոր արտադրամասի շահագործման և որպես գործնական հաջողությունների ամրապնդման խորհրդանիշ՝ արտադրամասի բակում հիմնվել է նաև եղևնիների փոքրիկ պուրակ:

Տեսանյութեր

Լրահոս