Համաձայնագիր՝ փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը համատեղ ջանքերով պաշտպանելու համար
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր համագործակցության համաձայնագիր ստորագրեցին՝ փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը համատեղ ջանքերով պաշտպանելու համար: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը, համաձայնագրի համար հիմք է հանդիսացել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոքր բիզնեսի ներկայացուցիչների շահերի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը և ոլորտում առկա խնդիրներին համատեղ ջանքերով հրատապ արձագանքելու կարևորությունը:
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, կարևորելով փոքր բիզնեսի շահերի պաշտպանությունը, ինչպես նաև մեր ասոցիացիան, որպես այդ ոլորտում մասնագիտացված կառույց որոշեցինք միավորել մեր ջանքերը փոքր բիզնեսի պաշտպանության ոլորտում: Համաձայնագրի նպատակն է օժանդակել բիզնես շահերի ոտնահարման ռիսկեր պարունակող օրենսդրության ընթացակարգային և համակարգային փոփոխությունների իրականացմանը՝ համատեղ իրավական ակտերի վերլուծության, քննարկումների կազմակերպման և առաջարկությունների ներկայացման միջոցով: Ինչպես նաև համատեղ կազմակերպել արագ արձագանքումներ բիզնեսի շահերի ոտնահարման հրատապ դեպքերին:
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» բարձր է գնահատում այս համագործակցությունը և այսուհետ էլ շարունակելու է օգնել փոքր և միջին ձեռնարկատերերին ավելի արդյունավետ կերպով պաշտպանել իրենց շահերը և աջակցել ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքներին»,- ասաց Հ.Ավագյանը: