Բաժիններ՝

Ինչո՞ւ են ուշացրել երեխայի խնամքի նպաստը, մայրիկներն ուշացման համար զգուշացում են պահանջում

Մայրերին երեխայի խնամքի համար ամեն ամիս վճարվող 18 հազարական դրամներն այս անգամ ուշացել են: Եթե նախկինում մայրերն այդ գումարը կարող էին ստանալ ամեն ամսվա վերջին տասն օրերի ընթացքում, ապա այս անգամ մեկ շաբաթից ավելի ուշացում է եղել: Նրանք մտահոգված են, որ հնարավոր է՝ այսուհետ այդ ուշացումները շարունակական բնույթ կրեն: Ֆեյսբուքյան տարբեր խմբերում մայրիկները սկսել են քննարկել, որ հնարավոր է անգամ՝ երեխայի խնամքի նպաստը կրկնակի կրճատվի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի վարչությունից 168.am-ին տեղեկացրին, որ նման քննարկումներ չկան, նոր օրենք չի մշակվում, իսկ ուշացումները կարող են լինել տեխնիկական պատճառներով:

«Փոստային ծառայության հետ կապված կամ ցուցակների ճշգրտման հետ կապված երբեմն ուշացումներ լինում են, մայրիկները միշտ դժգոհություն են հայտնում այս առնչությամբ, սակայն պետք է հաշվի առնել, որ նման դեպքերը տարվա մեջ մեկ կամ երկու անգամ են հանդիպում: Մեր ունեցած տեղեկություններով՝ վճարումներն արդեն սկսվել են, միայն փոստային ծառայության հետ կապված խնդիրների պատճառով մի քանի օր կուշանա Լոռու մարզի վճարումը»,- հայտնեցին նախարարությունից:

Ըստ վարչության տրամադրած տեղեկատվության, խնամքի նպաստները վճարվում են մինչև հաջորդ ամսվա սկիզբ. «Վճարումները միշտ ժամանակից շուտ են եղել, այս պահին վճարվում է ըստ օրենքի սահմանված կարգի, պարզապես մի քանի օր անց է եղել վճարումը, դրա համար խուճապ է ստեղծվել»:

Մինչդեռ 32-ամյա Աննան, ով արդեն մեկ տարի չի աշխատում և խնամում է երեխային, մեզ հետ զրույցում վրդովված նշեց, թե նման դեպքերում նպաստ հատկացնող մարմինը պետք է ինչ-որ ձևով նպաստառուներին այս մասին ծանուցի. «Ես իրավունք ունեմ իմանալ հստակ ժամկետը, թե երբ եմ ստանալու այդ ծիծաղելի 18 հազար դրամը, չզգուշացնելը, խնդիրների մասին տեղյակ չպահելն անհարգալից վերաբերմունք է մայրերի հանդեպ: Շատ մայրիկների համար այդ գումարն օդ ու ջրի նման անհրաժեշտ է, քանի որ միգուցե հենց այդ գումարով են նրանք երեխայի համար որոշ կերեր, տակդիրներ կամ այլ անհրաժեշտ պարագաներ գնում»:

Նրա խոսքով, ինքը 11 տարի շարունակ սոցիալական վճարումներ է արել, ընդ որում՝ վերջին 6 տարվա ընթացքում իր աշխատավարձից 107 հազար դրամ ուղղվել է հենց այդ նպատակով, սակայն այսօր երեխայի խնամքի համար ստանում է 18 հազար դրամ, այն էլ՝ հատուկ դիմում լրացնելուց և մի շարք քաշքշուկներից հետո:

«Այն մայրիկների համար, ովքեր իմ նման՝ երկար տարիներ կլորիկ գումարներ են վճարել բյուջե, նման վերաբերմունքն ուղղակի անընդունելի է: Նախ՝պետք է վերանայվի գումարի չափը, գոնե այն պետք է հավասարվի նվազագույն աշխատավարձին՝ կազմելով մոտ 55 հազար դրամ, որպեսզի սա իսկապես սոցիալական նպաստ դառնա: Հաջորդը՝ պետք է վճարման համակարգը նորացվի, գոնե այս դեպքում, ինչպես թոշակառուների, լինեն հստակ օրեր, որպեսզի կինը կարողանա պլանավորել իր ծախսերը: Ախր սրանք նորմալ և քաղաքակիրթ պահանջներ են…»,- նկատեց Աննան՝ նշելով, որ իր տեղեկություններով՝ այս անգամ նպաստի ուշացումը պայմանավորված է բյուջեի հետ կապված ինչ-ինչ խնդիրներով, հետևաբար՝ այդ գումարի դուրսգրումը մեկ շաբաթով ետ է ընկել:

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը, ով ծանոթ է այս խնդրի հետ կապված բողոքներին, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմնական դժգոհությունները կապված են գումարի հետ, քանի որ երեխայի խնամքի, արձակուրդի համար հատկացվող գումարը երեխայի մինիմալ հոգսերի համար անգամ չի բավականացնում. «Միշտ հարց է բարձրացվում 18 հազար դրամի շեմի հետ կապված: Այն ժամանակ, երբ սահմանվել է այդ գումարը, նվազագույն աշխատավարձը ցածր է եղել, հիմա արդեն այն բարձրացել է, իսկ 18 հազարը պահպանվում է: Այս կտրվածքով, իհարկե, արդարացի է մայրիկների պահանջը»:

Ինչ վերաբերում է վճարումներին, ապա իրավաբանը նշեց, որ նախկինում նման դժգոհություններ չեն եղել, սակայն բողոքներ եղել են դիմումների հետ կապված, քանի որ մայրիկները պետք է համապատասխան ժամկետներում դիմում գրեն այս նպաստից օգտվելու համար: Ըստ Ն. Փիլիպոսյանի, այն մայրերը, որոնք այդ ժամկետները բաց են թողնում, մեկընդմիշտ կորցնում են նպաստ ստանալու հնարավորությունը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս