Պուտինը չի հասցնի Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի նկատմամբ կիրառել «Ռուսական աշխարհի» գաղափարը. Սլավա Ռաբինովիչ

«Պուտինը Ռուսաստանը տանում է դեպի բետոնե պատ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի հեղինակավոր ֆինանսիստ, Diamond Age Capital Advisors-ի ղեկավար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Սլավա Ռաբինովիչը` անդրադառնալով հետխորհրդային տարածքում, մասնավորապես՝ Ռուսաստանում նկատվող բացասական տնտեսական և քաղաքական միտումներին:

Նա նշեց, որ այն, ինչ այսօր անում են ՌԴ իշխանություններն աշխարհում ու, մասնավորապես՝ Ուկրաինայում, ՌԴ բանկային համակարգում, կարող է քաղաքացիական պատերազմի հանգեցնել հենց Ռուսաստանում, ինչը սպառնալիք է բոլոր հետխորհրդային և ՌԴ արբանյակ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Ուստի, ըստ Ռաբինովիչի, այն, թե ինչպես կզարգանա ՌԴ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը, տնտեսական գործունեությունը, մեծ ռիսկ է ողջ աշխարհի համար:

«ՌԴ տնտեսության մեջ այնպիսի անդառնալի գործընթացներ են սկսվել, որոնք կարող են հանգեցնել՝ ինչի ասես, ավելին, այդ գործընթացները չափազանց իներցիոն բնույթ են կրում, ուստի, եթե մենք նույնիսկ պատկերացնենք սցենար, որը շատ քիչ հավանական է՝ ռեժիմի փոփոխություն՝ պալատական հեղաշրջման միջոցով, ապա նույնիսկ այս պարագայում, երբ ռեժիմը ոչ ամբողջությամբ է փոխվում, այնպիսի իներցիոն գործընթացները, որոնք արդեն սկսվել էին, չեն կարող կանգ առնել, հետևանքները կզգացվեն դեռ տասնյակ տարիներով, ինչն էլ երկիրը տանում է դեպի բետոնե պատ, իսկ բետոնե պատին Ռուսաստանի հարվածը դաժան է լինելու: Իսկ թե որքանո՞վ այնպիսի երկրները, ինչպիսին Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանն են, կկարողանան կանգնել սպառնալիքի տակ, կարծում եմ, որ չեն կանգնի, քանի որ մինչ Պուտինը սկսի այս երկրների նկատմամբ իրականացնել «Ռուսական աշխարհի» իր ծրագիրը, կբախվի բետոնե պատին և չի հասցնի իրականացնել իր ծրագրերը»,- ասաց Ռաբինովիչը:

Ամբողջական հարցազրույցը՝ ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս