Փրկարարները Ֆրանսիայի հարավում հայտնաբերել են կործանված Airbus A-320 ինքնաթիռի երկրորդ սև արկղը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փրկարարները հայտնաբերել են ֆրանսիական Ալպերում Germanwings ավիաընկերության Airbus A-320 ինքնաթիռի երկրորդ սև արկղը: Այս մասին հայտարարել է դատախազությունը:
Դեռ հայտնի չէ, թե ինչ վիճակում է գտնվում երկրորդ սև արկղը, որը գրանցում է թռիչքի տեխնիկական պարամետրերը: Առաջին սև արկղը հայտնաբերվել է ավիաաղետի օրը՝ մարտի 24-ին: Այն ձայնագրում է օդանավի անձնակազմի խոսակցությունները: Այդ ձայնագրություններն արդեն իսկ վերծանված են:
Դրանց հիման վրա արվել է նախնական եզրակացություն, որ ավիաաղետի համար մեղավոր է օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը: Հետաքննության տվյալներով՝ երբ օդանավի հրամանատարը մի քանի րոպեով դուրս է եկել օդաչուների սենյակից, Լյուբիցը փակել է սենյակի դուռը և օդանավը միտումնավոր մղել է դեպի ներքև:
Ավիաաղետից քիչ առաջ օդանավի հրամանատարը փորձել է կացնի օգնությամբ բացել դուռը և կանխել ավիաաղետը, սակայն դա չի հաջողվել նրան: Ավիաաղետի հետևանքով զոհվել են օդանավում գտնված բոլոր 150 անձինք, որոնցից 144-ը ուղևորներ էին, իսկ 6-ը՝ օդանավի անձնակազմի անդամներ:
Հետաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Անդրեաս Լյուբիցն ունեցել է առողջական խնդիրներ և բուժում է ստացել ինքասպանության հանդեպ հակում ունենալու համար: Բացի այդ, պարզվել է, որ ավիաաղետի օրը նա պետք է գտնվեր հիվանդանոցում: