«ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալի համար դատախազը 14 տարվա ազատազրկում է պահանջում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «ֆինանսական բուրգի» գործով դատախազը ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի համար պահանջեց 14 տարվա ազատազրկում` անձնական գույքի բռնագրավմամբ։

Մեղադրողի խոսքով՝ տուժողների, վկաների ցուցմունքներով, փաստաթղթերով հիմնավորվում է Արթուր Անդրեասյանի հանցանքը նրան առաջադրված մեղադրանքներում, և ապացույցների առկայության պայմաններում նախաքննական մարմինը նրա արարքին ճիշտ որակում է տվել։ Դատախազը նշեց, որ նման պայմաններում Արթուր Անդրեասյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ պետք է կայացվի։

Նա նշեց, որ ամբաստանյալը վատառողջ է, սակայն փորձաքննությամբ հիմնավորվել է, որ նա հիվանդություն ունի, բայց կարող է ազատազրկման ձևով պատիժ կրել։ Որպես ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք մեղադրողը վկայակոչեց նրա խնամքին մինչև 14 տարեկան երեխայի առկայությունը, իսկ պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չի տեսնում։
Մեղադրողն ասաց, որ տուժողների կողմից ներկայացված քաղաքացիական հայցերը հիմնավոր են և պետք է բավարարվեն։

Նշենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ  ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Քանի որ ամբաստանյալի պաշտպանը ժամանակ խնդրեց ճառին պատրաստվելու համար, նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 30-ը։

Տեսանյութեր

Լրահոս