Բաժիններ՝

ԵՄ-ը Վրաստանից պահանջում է ուղղումներ անել «Օկուպացված տարածքների մասին» օրենքում

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պահանջում է փոփոխություններ մտցնել «Օկուպացված տարածքների մասին» օրենքում: Այս մասին Վրաստան-ԵՄ ռազմավարական երկխոսության շրջանակներում հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին.

«ԵՄ-ը միանշանակ ու հստակ պահանջում է, որ վերջիվերջո մենք ուղղումներ կատարենք «Օկուպացված տարածքների մասին» օրենքում: Կան կարծիքներ ու խոսակցություններ, որ դա, իբրև թե, բխում է Ռուսաստանի շահերից, սակայն դա այդպես չէ: Դա հենց ԵՄ-ի պահանջն է:

Երկու տարի առաջ իմ նախարարությունը առաջ է քաշել օրինագիծ, և խորհրդարանը միգուցե կհասկանա, որ Բրյուսելում անհրաժեշտ են համարում փոփոխություն կատարելը»:

Զաքարեիշվիլին ավելի վաղ պարզաբանել է, որ առաջարկվող նոր ուղղումները չեն հանում սահմանը հատելու պատասխանատվությունը, սակայն օրենքի խախտման առաջին դեպքում նախատեսում են 400 լարի (մոտ 178 դոլար) տուգանք, իսկ խախտումը կրկնվելու դեպքում որպես պատժի միջոց կընտրվի դատը:

Վրաստանը 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչել է, որպես օկուպացված տարածքներ՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից դրանց անկախությունը ճանաչելու:

Օրենքի համաձայն՝ առանց պաշտոնական Թբիլիսիի թույլտվության, այդ տարածքներ այցելելն ապօրինի և պատժվում է կա՛մ դրամական խոշոր տուգանքով, կա՛մ էլ մինչև 4 տարվա ազատազրկմամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս