Թուրքիան ժխտում է Մեծ եղեռնը` համագործակցելով մեկ այլ ցեղասպան պետության` Ադրբեջանի հետ. Բակո Սահակյանի բացառիկ հարցազրույցը. «Արմենպրես»

Ցեղասպանությանը հաջորդած տարիները եւ նորագույն պատմության դասերն արդեն իսկ ուրվագծել են մեր անելիքները, եւ վերքերը սպիացնելու եւ ավելի ուժեղ դառնալու համար հայ ժողովուրդը քրտնաջան աշխատանք ունի կատարելու:

Այսպիսի գնահատական տվեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա անդրադարձավ անելիքներին ու հավաստիացրեց, որ հայկական զինված ուժերը պատրաստ են դիմակայելու հակառակորդի ցանկացած սադրանքի եւ պահպանելու երկրի անվտանգությունը:

-Հարգելի պարոն Սահակյան, համայն հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ո՞րն է Ձեր կոչն ուղղված հայ ժողովրդին:

-Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Թուրքիայի կողմից կատարված սարսափելի ոճրագործության հետեւանքով 1,5 միլիոն անմեղ հայեր ենթարկվեցին սպանդի, հայաթափվեց մեր պատմական հայրենիքի մեծ մասը: Այս ոճրագործությունը նաեւ համաշխարհային պատմության մեջ առաջին ցեղասպանությունն էր, որի չճանաչումն ու չդատապարտումը բերեցին նոր ցեղասպանություների եւ կոտորածների:

Ինչ վերաբերում է հայ ժողովրդին ուղղված կոչին, ապա կարծում եմ, որ Ցեղասպանությանը հաջորդած տարիները եւ նորագույն պատմության դասերն արդեն իսկ ուրվագծել են մեր անելիքները: Առաջին՝ Ցեղասպանությունը երբեք չի մոռացվի հայ ժողովրդի կողմից: Երկրորդ՝ մենք պետք է ամեն ինչ անենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ: Եվ, ամենակարեւորը, հայ ժողովուրդն այլեւս երբեք չպետք է ենթարկվի ցեղասպանության, իսկ դրա ամենահուսալի գրավականն անկախ ու հզոր ազգային պետությունն է, նրա մարտունակ բանակը եւ համախմբված հասարակությունը: Այս ուղղությամբ բոլորս պետք է իրականացնենք ամենօրյա քրտնաջան աշխատանք:

-Պարոն Նախագահ, ո՞րն է այն դասը, որ պետք է քաղի հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանությունից:

-Հայոց ցեղասպանությունից դասեր պետք է քաղի ոչ միայն հայ ժողովուրդը, այլեւ ողջ քաղաքակիրթ մարդկությունը: Եթե հայ ժողովրդի ողբերգությունը ժամանակին ճանաչվեր եւ դատապարտվեր, իսկ դրա կազմակերպիչները պատժվեին, երեւի թե չէին լինի շատ այլ ցեղասպանություններ աշխարհի տարբեր վայրերում: Այս կարծիքին են, ի դեպ, տարբեր պետություններ ներկայացնող բազմաթիվ քաղաքական գործիչներ, գիտնականներ, փորձագետներ, հասարակ մարդիկ: Մինչեւ այսօր Ցեղասպանությունն իրագործած պետությունը՝ Թուրքիան, ոչ միայն չի ճանաչում եւ դատապարտում այս հանցագործությունը, այլեւ շարունակում է պայքարել Մեծ եղեռնի ճանաչման դեմ, վարում է ընդգծված հակահայկական քաղաքականություն՝ սերտորեն համագործակցելով մեկ այլ ցեղասպան պետության՝ Ադրբեջանի հետ: Նման պահվածքը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, եւ դա միայն հայոց դիվանագիտության խնդիրը չէ: Կրկնում եմ՝ ոճրագործին եւ ագրեսորին աջակցելը կամ նրա քայլերն անտարբերության մատնելը խրախուսում են մարդկության դեմ ուղղված նոր ոճրագործությունների իրականացումը երկրագնդի տարբեր ծայրերում:

-Պարոն Սահակյան, 100-րդ տարելիցը մի հանգրվան է, այլ ոչ թե վերջնակետ, եւ այս պարագայում ինչպե՞ս նայել ապագային, եւ որո՞նք պետք է լինեն մեր առաջնահերթություններն ապագայում:

-Բնական է, որ 100-րդ տարելիցը չի կարող լինել վերջնակետ, քանի որ այս ոճրագործությունը եւ դրա հետեւանքները վաղեմության ժամկետ չունեն: Մենք պետք է շարունակենք հզորացնել եւ զարգացնել հայոց անկախ պետականությունը, էլ ավելի ուժեղացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Սա է մեր նահատակված եւ մարտիրոսված քույրերի ու եղբայրների հիշատակը վառ պահելու եւ նոր ողբերգություններ թույլ չտալու ամենահուսալի գրավականը:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Տեսանյութեր

Լրահոս