Արծվիկ Մինասյանը չի կարծում, որ «Հիմնադիր խորհրդարանն» ուղղորդվում է թշնամիների կողմից. « Դա կամ պահի ազդեցությամբ ծնված վրեժխնդրության մոլուցք է, կամ…»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի»՝ ապրիլի 24-ից սկսվող շուրջօրյա հանրահավաքներին, ասել էր, որ չի կարելի հանդուրժել այս ամենը. «Կարծում եմ, ժամանակն է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, թույլ չտալ, որ իրենց հայ ժողովրդի զավակ, քաղաքական գործիչ հորջորջող մի խումբ արկածախնդիրներ ստվեր գցեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա։ Սա այն դեպքն է, երբ հանդուրժողականությունն արդարացված չէ»։

168.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է ինքը, որ պետք է կանխարգելիչ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ, և ի՞նչ քայլեր դրանք պետք է լինեն: Ի պատասխան մեր հարցին՝ Ա. Մինասյանն ասաց, որ կանխարգելիչ գործողությունների ներքո պետք է այս դեպքում հասկանալ, որ պետք է բացատրական աշխատանանքներ տարվեն, որ չի կարելի թույլ տալ, որ Ցեղասպանության 100-ամյա միջոցառումների այս թեժ շրջանում, երբ թուրքերը, ադրբեջանցիները և բազմաթիվ այլ հակահայ տրամադրված պետություններ ու գործիչներ փորձում են Հայաստանի ներսում տեսնել իսկապես խժդժություններ, անմիաբանություն, օգտվեն այս իրավիճակից:

«Լուրջ բացատրական, համոզմունքի աշխատանք պետք է տարվի այս ուղղությամբ: Ես չեմ կասկածում «Հիմնադիր խորհրդարանի» բազմաթիվ անդամների անկեղծության, հայրենասիրության վրա, սակայն երբ ընդհանուր ուղղվածությունը գնում է այն բանին, որի շրջանակներում հավասարության նշան է դրվում, ասենք, թուրք իշխանությունների և Հայաստանի իշխանությունների միջև, կամ փորձ է արվում նույնականացնել Հայոց Ցեղասպանությունը արտագաղթի հետ, սրանք բոլորը նսեմանցնում են ոչ միայն այն երևույթները, որոնց մասին բարձրաձայնքումենք մնք բոլորս, այն նաև կարող է ևս մի նոր հարվածի պատճառ դառա մեր պետականության ողնաշարին»,- ասաց Ա. Մինասյանը:

Մեր զրուցակցի համար ընդունելի չէ, որ հիմա տարբեր շարժումներ են ծնվել և ինչ-որ հայտարարություններ են անում այս կամ այն գործչի նկատմամբ՝ վարկաբեկելով կամ վիրավորական արտահայտություններ անելով.

«Նրանք դրանով ոչ միայն հարված են հասցնում մեր պետությանը, պետականությանը, բարոյականությանը, նաև իրենք նպաստում են, որ հայոց պետականությունը ավելի քայքայվի, ավելի թուլանա, թե ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում, անհասկանալի է»:

Հարցին՝ համաձա՞յն եք իշխանական թևի ներկայացուցիչների այն տեսակետի հետ, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամենրը ուղղորդված են մեր թշնամիների կողմից, Ա. Մինասյանն այսպես պատասխանեց.

«Ոչ, ես այդքան հեռուն գնացող հայտարարություններ կամ պնդումներ չեմ անի, ավելի շատ դա կվերագրեմ մոլորության դրսևորմանը կամ խորությամբ դեռևս վերլուծություն չիրականացնելուն: Շատերը նույն «Հիմնադիր խորհրդարանում» ազնիվ, հայրենասեր անձինք են, ոչ պակաս, քան ցանկացած ազնիվ և հայրենասեր հայ: Բայց երբ ընդհանուր գործողությունների ուղղվածությունը և տրամաբանությումը դիտարկում ես, չի կարող ատելությունը այնքան լինի, որ ազգիդ փորձության տանես, դա կամ պահի ազդեցությամբ ծնված վրեժխնդրության մոլուցք է, կամ առնվազն խորությամբ չգիտակցված գործողությունների կամ պատկերացումների ամբողջությունը»:

Տեսանյութեր

Լրահոս