«Արմեն Ռուստամյանի ասածից հետևություն պետք է անեն բոլոր նրանք, որոնք որոշել են հավաքվել»
ԱԺ ՀՅԴ խմբակության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում «Հիմնադիր խորհրդարանի»՝ ապրիլի 24-ին շուրջօրյա հանրահավաքներ անելու և ռեժիմի դեմ պայքարելու կոչին՝ ասել էր.
«Մենք դեմ ենք քաղաքական պայքարը կապել ապրիլի 24-ի հետ: Սա այն քայլն է, որ ուզում են անել մեր թշնամիները, մեր չուզողները: Կարելի է ապրիլի 24-ի ամբողջ միջոցառումների շարքը հարամել: Մեզ համար բացարձակապես անհասկանալի են մոտիվները, ինչպե՞ս կարելի է այդ օրվա խորհուրդը ոտնահարել»:
168.am–ը ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ինչ-որ տեղեկություններ ունե՞ն իրենք նման գործողությունների մասին, որ նման մտավախություն են հայտնում, քանի որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները ասում են, որ խաղաղ հավաք է լինելու:
Ա. Մինասյանը պարզաբանեց, որ Արմեն Ռուստամյանի ասածից հետևություն պետք է անեն բոլոր նրանք, որոնք որոշել են հավաքվել, քանի որ նրանցից շատերն ի վիճակի չեն լինելու սադրանքները բացառել. «Իսկ այդպիսի հավաքների ժամանակ սադրիչներ միշտ էլ գտնվում են և կարող են հարամ անել ոչ միայն այդ հավաքի իմաստը, նպատակը, այլ նաև անհամահունչ Հայոց Ցեղապսպանության տարելիցի օրվան՝ այդ ամենը կարող է բերել շատ ավելի վատ հետևանքների: Արմեն Ռուսատմյանը սա է ասել: Սա չի նշանակում, որ եթե ինչ-որ մեկին դանակահարում են, ուրեմն՝ այս կոչերի արդյունքում է»: