Բաժիններ՝

«Եթե տեսանյութ լիներ, որտեղ այդ մարդուն կտտանքների են ենթարկում, մեր լրատվամիջոցները դա պետք է տարածեի՞ն». Սամվել Մարտիրոսյան

Ադրբեջանական լրտավամիջոցներն այսօր հերթական տեսանյութ էին տարածել, որտեղ հակառակորդի տարածքում հայտնված Անդրանիկ Գրիգորյանը իբր կոչ էր անում անցնել հակառակորդի սահման:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, թե ինչպես պետք է լրատվամիջոցներն արձագանքեն նման հրապարակումներին, ասաց, որ տեսանյութի տարածման փաստն ընդհանրապես անտեսել չի կարելի:

«Բայց տեսանյութը, դրա բովանդակությունը տարածելով (առավել ևս կային լրատվամիջոցներ, որ նույնիսկ թարգմանել, կամ տեսանյութը տեղադրել են իրենց Youtube-ի ալիքում), փաստացի մի քանի կարևոր բան է խախտվում: Առաջինը խախտվում են էթիկական նորմերը, որովհետև մենք իրականում չգիտենք, թե գերության մեջ ինչ է կատարվում այդ մարդու հետ: Կարող ենք ենթադրել՝ հաշվի առնելով այլ դեպքեր: Անազատության մեջ գտնվող մարդու խոստովանությունն արդեն իսկ կասկածելի է, բայց դա հարցի, այսպես ասած, ամենատրիվիալ և էմոցիոնալ մասն է: Լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմի հարց է, որ նման տեսանյութը հանդիսանում է ոչ թե փաստ, նորություն, տեսանյութ, այլ միայն ու միայն քարոզչական նյութ, ինչպես օրինակ՝ թռուցիկ:

Պարզապես մեր ժամանակները տեխնիկապես ավելի մեծ հնարավորություններ են տալիս, և թռուցիկի փոխարեն կարող է հենց տեսանյութ լինել: Հակառակորդի թռուցիկները սեփական տարածքում տարածելը կարող է տարբեր բնորոշումներ ստանալ, բայց կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե ինչ է նշանակում: Այսինքն՝ այդ լրատվամիջոցները սկսում են փաստացի հանդիսանալ ադրեբաջանական քարոզչական մեքենայի ներկայացուցիչ՝ թիկունքում: Այստեղ բացարձակապես չի կարող խոսք գնալ խոսքի ազատության, լրագրության մասին: Այստեղ խոսքը վատ իմաստով մաքուր քարոզչական նյութի տարածման մասին է»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը` նշելով, որ Ժնևյան կոնվենցիաների համաձայն՝ ռազմագերիները պաշտպանված են ամբոխի հետաքրքրությունից, ինչը նաև նշանակում է, որ նրանք չպետք է օգտագործվեն նման տեսանյութերում:

Նրա խոսքով՝ այդ տեսանյութները տարածելով՝ լրատվամիջոցը փաստացի դառնում է Ժնևյան կոնվենցիաների խախտման հանցակից: «Եվ շատ տարօրինակ է, որ ընդհանրապես դա պետք է բացատրել: Շատ տարօրինակ է, որ նման բաներ չեն անցել ոչ միայն լրագրողները, այլ նաև խմբագիրները համալսարանում, և ժամանակի ընթացքում ձեռք բերած փորձն իրենց թույլ չի տալիս հասկանալ… նյութը տեղադրում են, հետո՝ հեռացնում: Խոսքն ընդհանրապես չպետք է նման հարցազրույցի հասներ»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Հարցին, թե ինչպե՞ս պետք է նման դեպքերին անդրադառնան լրտավմիջոցները, նա պատասխանեց. «Պետք է հրապարակվեր, որ քարոզչական բնույթի տեսանյութ է հրապարկվել, որ մարդը գտնվում է գերության մեջ, և նրան օգտագործում են որպես քարոզչության օբյեկտ: Այդքան բան: Իհարկե, հասարակությունը պետք է տեղյակ լինի, որ Հայաստանի քաղաքացին նմանատիպ մանիպուլիացիաների զոհ է գնում, բայց դա չի նշանակում, որ պետք է ցույց տրվի: Օրինակ՝ եթե տեսանյութ լիներ, որտեղ այդ մարդուն կտտանքների են ենթարկում, մեր լրատվամիջոցները դա պետք է տարածեի՞ն: Իսկ սա փաստացի կտտանքների նման մի բան է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս