Մոլդովայի նախագահը մայիսի 9-ի կապակցությամբ չի ժամանի Մոսկվա
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին մայիսի 9-ին չի ժամանի Մոսկվա՝ մասնակցելու համար Հաղթանակի օրվա տոնակատարություններին: Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահի մամլո քարտուղար Վլադ Ցուրկանուն:
Նրա խոսքերով՝ Տիմոֆտին այդ օրը Քիշնևում մասնակցելու է տոնական միջոցառումների, որոնց ծրագիրը մշակել է հանրապետության կառավարությունը: Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին մասնակցելու պաշտոնապես հրաժարվել են Ֆինլանդիայի նախագահը, Նիդերլանդների արտգործնախարարը:
Բացի այդ, Մոսկվա չեն ժամանաի Բուլղարիայի, Լեհաստանի, Բալթյան երկրների նախագահներն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Չեն ժամանաի նաև Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Դեռ հայտնի չէ, թե ինչ որոշում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ըստ ամենայնի, Մոսկվա չի ժամանի նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: