Բաժիններ՝

Սեուլը որոշել է տասնյակ միլիոնավոր դոլարներ վճարել «Սևոլ» լաստանավի աղետի հետևանքով զոհվածների հարազատներին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է տասնյակ միլիոնավոր դոլարների փոխհատուցում վճարել «Սևոլ» լաստանավի աղետի հետևանքով զոհվածների հարազատներին:

Իշխանությունների պլանի համաձայն, նավի խորտակման հետևանքով 250 զոհված կամ անհետ կորած դպրոցականների ընտանիքները կստանան 420-ական միլիոն վոն (380.000 դոլար) փոխհատուցում: 11 ուսուցչի համար էլ կվճարվի 764-ական միլիոն վոն (գրեթե 700.000 դոլար) փոխհատուցում:

Մնացյալ ուղևորների ազգականներին պլանավորված է վճարել 150-600 միլիոն վոն փոխհատուցում՝ կախված նրանց տարիքից ու եկամուտներից: Հարավային Կորեայի իշխանություններն ընդգծել են, որ այդ գումարները նախնական են: «Սևոլի» կործանման հետևանքով արդեն իսկ դատապարտվել է ավելի քան 50 մարդ, որոնցից 15-ը նավի անձնակազմի անդամներ են:

Նավապետ Լի Չժուն Սոկը դատապարտվել է 36 տարվա ազատազրկման: «Սևոլ» լաստանավը խորտակվել է 2014 թվականի ապրիլի 16-ին, Կորեական թերակղզու հարավ-արևմտյան ծովափի մոտ: Նավում գտնվել է 476 մարդ՝ գերազանցապես դպրոցականներ: Զոհվել է 304 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս