Ստամբուլում ձերբակալել են Էրդողանի կուսակցության գրասենյակը գրաված զինված տղամարդուն
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ անհայտ զինված անձն այսօր ներխուժել է Ստամբուլի Քարթալ շրջանում գտնվող իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գրասենյակ և 7-րդ հարկի պատուհանից կախել է Թուրքիայի դրոշը, որում, սակայն, աստղի տակ պատկերված է եղել սուր:
Տղամարդը հնչեցրել է հակակառավարական կարգախոսներ՝ ԱԶԿ-ի առաջնորդներին անվանելով անաստվածներ: Կարճ ժամանակ անց նրան վնասազերծել ու ձերբակալել են ոստիկանության հատուկջոկատայինները:
Դրա նախորդ օրն էլ երկու զինված ձախ արմատականներ պատանդ էին վերցրել Ստամբուլի դատախազ Մեհմթ Սելիմ Քիրազին: Նրանք մահացու վիրավորել են նրան, սակայն իրենք էլ զոհվել են հատուկջոկատայինների կրակոցներից: