Բաժիններ՝

ԱՄՆ-ը վերսկսում է Եգիպտոսին ռազմական օգնություն մատակարարելը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել Եգիպտոսին ռազմական օգնություն ցուցաբերելու ծրագիրը: Այն սառեցվել էր 2013 թվականի ամռանը Եգիպտոսում իրականացված զինվորական հեղաշրջումից հետո՝ 2013 թվականի հոկտեմբերին:

Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, ըստ որի՝ Օբաման հանում է Եգիպտոսին F-16 կործանիչների, M1A1 տանկերի, Harpoon հրթիռների մատակարարման վրա 20 ամիս առաջ դրված արգելքը: Վաշինգտոնում չեն բացառում, որ ռազմական օգնության ծավալը կարող է անգամ ավելացվել, եթե Լիբիայում ու Սինայի թերակղզում գործող իսլամական զինյալներն անցնեն հարձակման:

Դրա հետ մեկտեղ Սպիտակ տունը հայտարարել է, որ Եգիպտոսում չի տեսնում ժողովրդավարության զարգացման հարցում առաջընթաց: ԱՄՆ-ի կողմից Եգիպտոսին ցուցաբերվող ողջ օգնությունը պայմանավորված է միայն ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերով:

ԱՄՆ-ը Եգիպտոսին տարեկան հատկացնում է 1.3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Օբաման այժմ թույլատրել է Եգիպտոսին մատակարարել 12 հատ F-16 տիպի կործանիչ, 20 հատ Harpoon տիպի հրթիռ և մոտ 125 հատ M1A1 տիպի տանկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս