Բաժիններ՝

Եթե չլինեն հարսանիքներ ու տոնախմբություններ, մենք՝ երգիչներս, չենք կարող ապրել. Գոհար Հովհաննիսյան. Life.panorama.am

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանն է:

-Գոհար, եթե չեմ սխալվում, պատրաստվում եք համերգային շրջագայության:

-Այո, մի քանի օրից Աղասի Իսպրյանի, Համլետ Գևորգյանի և Մավր Մկրտչյանի հետ կմեկնենք Կրասնոդար և Սոչի:

-Քանի որ դրսի հանդիսատեսի հետ շատ ավելի հաճախ եք շփվում, զգացե՞լ եք, արդյոք կարելի է ասել, որ ժողովրդական երգի պակասն, անհրաժեշտությունն այնտեղ ավելի մեծ է:

-Գիտեք, ժողովրդական երգը պետք է ամենուր լինի: Ճիշտ է, մենք Հայաստանում այսօր շատ լավ երգիչներ ունենք, բայց հավատացեք, այստեղ էլ կա ժողովրդական երգի պակաս, քանի որ համերգներ գրեթե չեն կազմակերպվում: Պետք է եթերաժամեր տրամադրվեն, որպեսզի ժողովրդական երգը շատ հնչի: Մենք այլ ազգերից տարբերվում ենք մեր մշակույթով, մեր արվեստով: Որքան էլ տարված լինենք էստրադայով կամ ռիթմիկ երաժշտությամբ, պետք է չմոռանանք, որ այն մերը չէ, թիթեռի կյանք ունի: Մենք շրջաններում երբեմն համերգներ ենք ունենում շատ չնչին գումարով, բայց սա այն դեպքն է, որ գումարը մեզ պետք է չհետաքրքիր: Մեզանից հետո եկող սերնդին պետք է փոխանցենք իսկական արվեստը:

-Դուք և Ձեր ընկերները՝ Գուրգեն Դաբաղյանը, Սևակ Ամրոյանը, Ռուբեն Սասունցին, Մավր Մկրտչյանը և շատերը բավական մեծ աշխատանք կատարեցիք այս գործում: Ընդամենը 10-15 տարի առաջ երիտասարդ սերնդից շատ քչերն էին երգում ժողովրդական երգեր, իսկ մենք այսօր արդեն երիտասարդների մի ամբողջ թիմ ունենք:

-Ասեմ, որ եթե շաբաթը մեկ համերգ ունենանք, մեր դահլիճները, միևնույն է լեփ-լեցուն կլինեն: Ամեն անգամ երիտասարդների սերը աճում է ժողովրդական երգարվեստի նկատմամբ: Ես իմ տեսակով, ճիշտ է, պահպանողական եմ, սակայն ժողովրդական երգը նորովի ենք ներկայացնում, իհարկե, չխախտելով ոչ մի կանոն: երգը պետք է կարողանաս քոնը դարձնել, որպեսզի դառնա քո ասելիքը: Համոզիչ պետք է երգել, երգերը պատմում են, խոսում, քարոզում: Իմ նպատակը երգին ծառայելն է:

-Իսկ մեր երգիչներից շատերին այսօր երգն է ծառայում՝ դառնալով ֆինանսի աղբյուր:

-Ես չեմ քննադատում նման մարդկանց: Ցավում եմ, բայց հիմա մենք ապրում ենք այն պայմաններում, որ եթե չլինեն կորպորատիվ միջոցառումներ, հարսանիքներ ու տոնախմբություններ, ապա մենք՝ երգիչներս, չենք կարող ապրել: Դա վստահորեն եմ ասում: Բայց ինձ համար սկզբունքը մեկն է. անաղարտ պահել հայկական երգը: Արվեստում ամեն մարդ տարբեր նպատակներ ունի. ինչ-որ մեկի համար կարևորը ճանաչում ձեռք բերելն է, մեկ ուրիշի համար շատ մեծ հաջողությունն ու փառքը… Ինձ համար կարևորն այն է, որ սիրված լինեմ, թեկուզ քիչ ճանաչում ունենամ, և որ իմ խոսքը տեղ հասնի: Մեզ մոտ այսօր մի քիչ խառնվել է ամեն ինչ. դերասանը երգում է, երգիչը վարում է: Ով ինչ հնարավորություն ունի, փորձում է անել, որ ճանաչում ձեռք բերի, գումար վաստակի:

-Իսկ դուք երգո՞ւմ եք կորպորատիվ միջոցառումների, հարսանիքների ժամանակ:

-Իհարկե: Հատկապես դրսից հաճախ եմ ունենում կորպորատիվ միջոցառումների ու հարսանիքների առաջարկ: Եթե նախկինում նախընտրում էին այլ երաժշտություն, այժմ մեծ է ցանկությունն իրենց միջոցառումներն անցկացնել ազգային երգի տրամադրությամբ: Իհարկե, ժողովրդական երգերին երբեմն նոր, գեղեցիկ էլեմենտներ ենք հաղորդում, բայց դա չի նշանակում, որ կարող ես այն վերցնել, աղավաղել, ձևափոխել, ինչ է, թե հարսանիքի պահանջ ունես: Այո, ես մասնակցում, երգում եմ հարսանիքների և դա ինձ համար հաճելի է: Երբեմն ասում են. «Վայ, հարսանիքների է երգում այս կամ այն երգիչը»: Իսկ ինչո՞ւ ոչ: Եթե դու երգիչ ես, ապա պետք է ուրախ լինես, որ մարդիկ իրենց ընտանեկան միջոցառմանը հրավիրում են, չէ՞ որ հարսանիքը սուրբ արարողություն է:

-Եթե մեր փոփ երգիչներն այսօր մտածում են հարսանիքի, կնունքի կամ ծնունդի մասին երգեր գրել, ապա մեր ժողովրդական գրեթե բոլոր երգերում այդ թեման արծարծվում է:

-Այո, մենք ունենք գեղջկական երգեր, որոնք ծիսական են: Ես մեր հարսանիքներին երգում եմ շատ հին երգեր: Մարդիկ մտածում են, թե մեր երգերը հիմնականում լալկան են, բայց հավատացեք, այսօր շատերի կողմից գրված հարսանեկան ռիթմիկ երգերը մեր հին երգերի վատ օրինակն են:

-Ավելի շատ ո՞ւմ երգերն եք սիրում կատարել:

-Գիտեք, ամեն երգ չի, որ երգում եմ: Պետք է զգաս, երգը դարձնես քոնը, որ կարողանաս մատուցել: Ես շատ երգում եմ Ջիվանու երգերը, մեր այսօրվա աշուղների երգերը: Ունենք շատ լավ, հիանալի երիտասարդ հեղինակներ:

-Գոհար, Ձեր ամուսինը ևս երաժիշտ է, այո՞:

-Այո, դհոլահար է, հրաշալի երաժիշտ: Ի դեպ, ասեմ, որ իմ երգերի ընտրության հարցով հիմնականում նա է զբաղվում: Նա շատ է սիրում, երբ հի՜ն երգեր եմ երգում: Ինձ միշտ քննադատորեն է մոտենում, մանկավարժի պես: Հավանաբար, պատճառն այն է, որ մանկավարժ է նաև ու հաճախ որոշում է, որ ես իր 71-րդ աշակերտն եմ (ծիծաղում է):

-Իսկ ինչպե՞ս է վերաբերում Ձեր հաճախակի բացակայություններին, շրջագայություններին:

-Հիմնականում միասին ենք գնում, սակայն երկարատև բացակայել չի կարող: Բայց երբ իմ ընկերների՝ Աղասիի, Ռուբենի հետ եմ լինում, ավելի հանգիստ է լինում:Միշտ մտածում էի՝ ի՞նչ պետք է անեմ, եթե ամուսնանամ ու ընտրության առջև կանգնեմ: Երգարվեստը թողնել չէի ցանկանում: Ու կյանքն այնպես դասավորվեց, որ եթե մեկ ամիս համերգ չեմ ունենում, տեսահոլովակ չեմ նկարահանում, ամուսինս ինձ սթափեցնում է:

-Հենց այդ մտավախությունից ելնելո՞վ եք երաժշտի հետ ամուսնացել, թե՞ ճակատագիրն այդպես «հարմարեցրեց»:

-Ոչ, ուղղակի միասին աշխատում էինք: Ավելի շատ հայացքով էինք շփվում, քան խոսքով, ու մի օր հասկացա, որ ես սիրահարվել եմ, նա էլ անտարբեր չէ: Որոշեցինք ամուսնանալ: Միշտ մտածել եմ, որ ինձ պետք է սիրեն, ընդունեն այնպիսին, ինչպիսին կամ, հարգեն որոշումս: Շատ դժվար ուղի եմ անցել: Երբ մարդուն ամեն ինչ հեշտ է տրվում, հեշտությամբ ու առանց ցավի էլ կորցնում է: Ես չէի կարող ցավ չապրել, եթե երգս թողնեի:

-Փաստորեն, երաժիշտների ընտանիքում հարմոնիա է տիրում: Իսկ խանդի հետ չե՞ք առնչվում, չէ՞ որ բեմի մարդ եք:

-Ես ոչ թե խանդ, այլ մեծ ուշադրություն եմ միշտ նկատել ամուսնուս կողմից: Ինքս էլ խանդի առիթ երբեք չեմ տվել: Մենք, բացի սիրելուց, միմյանց առաջնահերթ շատ հարգում ենք, ինչն ընտանիքն ավելի է ամրացնում: Իսկ սերն ամեն պահի կարող է վերափոխվել: Մենք միշտ ու ամեն հարցի շուրջ խորհրդակցում ենք:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս